Հայաստանի ԱԳՆ-ում նոյեմբերի 9-ին կայացել են հայ-չեխական քաղաքական խորհրդակցություններ` արտաքին գերատեսչությունների վարչության պետերի մակարդակով: Կողմերը քննարկել են քաղաքական երկխոսությանը, առեւտրային կապերի եւ ներդրումների խրախուսմանը, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ նշել են երկկողմ քաղաքական շփումների ներկա մակարդակը եւ դրանք հետեւողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը, համաձայնել են ընդլայնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը, նպաստել երկու երկրների միջեւ գործարար կապերի զարգացմանը, շարունակել համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Չեխական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Վերջինս չեխական կողմի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:

Ի դեպ, չեխական կողմը հրավիրել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներին՝ խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնել Պրահայում: