Ղազախստանի ամենահարուստ վարձակալ կինը՝ Այդան Սուլեյմենովան, որոշել է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, գրում է Tengrinews.kz-ն։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բավարարելով Սուլեյմենովայի՝ ռուսաստանյան անձնագրից հրաժարվելու դիմումը։

Այդան Սուլեյմենովան Ղազախստանի արտաքին գործերի նախարարության առաջին ղեկավար Տուլեութայ Սուլեյմենովի դուստրն է և ղազախ ամենահարուստ գործարարներից մեկի՝ Դանիյար Աբուլգազինի կինը։ Forbes-ի տվյալներով՝ Սուլեյմենովան Ղազախստանի վարձակալների վարկանիշում ութերորդն է՝ 4,3 մլրդ տենգե (8,9 մլն դոլար) եկամուտով։ Նրան է պատկանում «ADD Invest Properties»-ը, որի միջոցով նա Կուլիբաևների ընտանիքի հետ Ղազախստանում կառավարում է մի շարք խոշոր առևտրական կենտրոններ։

Ուկրաինայի հետ լայնամասշտաբ պատերազմի սկզբից առնվազն յոթ միլիարդատեր հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Փետրվարին Ալիշեր Ուսմանովի նախկին գործընկերը՝ գործարար Վասիլի Անիսիմովը հրաժարվել էր ռուսաստանյան անձնագրից։ Նա պահպանել է Խորվաթիայի և Դոմինիկյան քաղաքացիությունը։ Նրանից առաջ այդպես էին վարվել Itera ընկերության հիմնադիր Իգոր Մակարովը, Freedom Finance ներդրումային ընկերության հիմնադիր Թիմուր Տուրլովը (որը ստացել է Ղազախստանի քաղաքացիություն), DST Global ֆոնդերի խմբի հիմնադիր և Mail․Ru Group-ի նախկին համասեփականատեր Յուրի Միլները, Revolut-ի հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին, «Դիալոգ եռյակ»-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Տինկոֆ բանկի» հիմնադիր Օլեգ Տինկովը։

2023 թվականի ընդամենը ինն ամսում մոտ 4400 մարդ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ԱԳՆ հյուպատոսական բաժնի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ Սա ավելին է, քան ամբողջ 2022 թվականին, երբ 4300 մարդ էր հրաժարվել  ռուսաստանյան անձնագրերից, ինչը ռեկորդային է դարձել երեք տարվա ընթացքում։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ 2022 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների թիվը վերջին երեք տարվա ընթացքում նվազագույնն է եղել։ ՌԴ անձնագիր է ստացել 691 հազար մարդ՝ 2021 թվականի 735 հազարի դիմաց։ Նրանց մեծ մասը եղել են Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց բաժին է ընկել որոշումների 43%-ը։