Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդառուներից մեկը՝ Մալիկ Գանդալոեւը, մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության եւ ինքնաշեն ռումբերի պատրաստման մեջ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։

«Մ.Ու. Գանդալոեւը, որը մասնակցել է քննչական մեկուսարանում ստեղծված արտակարգ դրությանը, մեղադրվում է նաեւ Ռուսաստանի ՔՕ 205.5 հոդվածի 2-րդ, 223.1 հոդվածի 2-րդ մասերով եւ 222.1 հոդվածի 3-րդ մասի «ա» կետով»,- ասել է նա։

Հարավային օկրուգային ռազմական դատարանի տեղեկացմամբ՝ Գանդալոեւի գործը լսվում է մարտից։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ քննության վարկածով 2022-2023թթ. Գանդալոեւը եղբոր եւ էլի մի ծանոթի հետ միասին, Աստրախանում գտնվելով, գնել է պայթուցիկ սարք պատրաստելու միջոցներ։ Այնուհետեւ նրանք անցել են Ինգուշիա, գնացել լեռներ եւ տեսանյութեր նկարահանել, որոնցում երդվել են հավատարիմ լինել ԻՊ ամիրին։

2023թ. փետրվար-մարտին նրանք անտառում ռումբ են հավաքել, որը պատրաստվում էին կիրառել ապագայում, ԻՊ ղեկավարության հրահանգով։ Մարտի վերջին նրանց ձերբակալել են ուժայինները։

Հունիսի 16-ի առավոտյան Դոնի Ռոստովի քննչական մեկուսարան-1-ի խցերից մեկում պահվող ձերբակալվածները պատանդ են վերցրել երկու աշխատակցի։ Մի քանի ժամ անց հանցագործների մեծ մասը ոչնչացվել է, իսկ պատանդներին ազատ են արձակել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ պատանդառության գործով, որով այժմ անցնում են երկու հոգի, Գանդալոեւը նրանցից մեկն է։