Ադրբեջանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ բանակցությունների արդյունքում 2024թ. հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը նոր հասցեում։ Դեսպանը եւ դեսպանության ներկա կազմը վերադարձել են Իրան։ Ինչպես տեղեկացրել է APA-ն,  այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Իրանական կողմը, որպես հավատարմագրող երկիր, իր պարտավորությունների համապատասխան, «Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին» կոնվենցիայի շրջանակում, իրականացրել է դիվանագիտական պահպանության ապահովման միջոցառումներ նոր դեսպանության շենքի առջեւ։

Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 27-ի առավոտյան կատարվել էր զինված հարձակում Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա։ Հարձակվողը, որը զինված էր «Կալաշնիկով» ինքնաձիգով, անցել էր պահպանության կետն ու սպանել դեսպանության անվտանգության ծառայության պետին, անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ վիրավորվել էին։ Ահաբեկչությունը կատարած Յասին Հուսեյնզադեն ձերբակալվել է։ Ահաբեկչությունից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանության գործունեությունը դադարեցվել էր։ Հուսեյնզադեն դատապարտվել է մահապատժի։