ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին օրենսդիր մարմնի ստորին պալատում դեմոկրատներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին շուտով հնարավոր կլինի համոզել դուրս գալ նախագահական մրցապայքարից։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով Դեմոկրատական կուսակցության աղբյուրներին։
Նրանք նշել են, որ նախկին խոսնակը կուսակցության անդամներին ասել է, որ Բայդենը շուտով կարող է դուրս մղվել ընտրություններից՝ նոյեմբերին հաղթելու հավանականության լուրջ կասկածների ֆոնին: Փելոսին, ով դեռևս զգալի ազդեցություն ունի կուսակցության ներսում, ասել է, որ կարծում է, որ նախագահը մոտ է իր վերընտրվելու հայտից հրաժարվելուն:
Փելոսին, ըստ Կոնգրեսի աղբյուրների, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Սպիտակ տանը քննարկել քաղաքական ճգնաժամը և ուղիներ փնտրել այն հաղթահարելու համար։ Կուսակցության անդամների հետ հանդիպումների ժամանակ նա մանրամասն գրառումներ էր անում հարցումների տվյալների և Բայդենին հանրային աջակցության վերաբերյալ առանցքային դեմոկրատական շրջաններում: Ըստ աղբյուրների՝ վերջերս ԱՄՆ ներկայիս նախագահի հետ զրույցում նախկին խոսնակը նրան փոխանցել է, որ հարցման արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն Բայդենի համար, որքան ինքն է կարծում։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Բայդենը կարող է հայտարարել ընտրապայքարից իր դուրս գալու մասին արդեն հուլիսի 20-21-ը՝ Կոնգրեսի առաջնորդների, Դեմոկրատական կուսակցության անդամների և մտերիմ ընկերների ճնշման պատճառով։





























