Արևմտյան Ֆիլադելֆիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս վեցը վիրավորվել է, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է եղել  Քերոլ պարկի տարածքում, երբ կիրակի գիշերը ժամը 2-ից հետո փոխհրաձգություն է սկսվել:

Ոստիկանությունը հայտնել է, որ նախնական վարկածով «փոխհրաձգություն է տեղի ունեցել մի քանի կողմերի միջև»,  հայտնաբերվել են մեկից ավելի տրամաչափի պարկուճներ:

Հաղորդման մեջ ասվում է, որ 33-ամյա տղամարդը մահացել է դեպքի վայրում, իսկ երկու տղամարդ՝ 23 և 29 տարեկան, ավելի ուշ մահացել են Փենսիլվանիայի  բժշկական կենտրոնում:

Ոստիկանության տվյալներով, տուժածների՝ 26-ամյա մի կնոջ և 27-ից 30 տարեկան հինգ տղամարդու վիճակը կայուն է։

Տեսուչ Դ.Ֆ. Փեյսը լրագրողներին հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է առնվազն 25-ից 30 կրակված պարկուճ: Նա ասել է, որ տղամարդուն, որը մահացել է դեպքի վայրում, կրակել են մոտ տարածությունից և, ըստ երևույթին, նրան նպատակաուղղված են սպանել: Փեյսն ասել է նաև, որ առայժմ հայտնի չէ, թե տարածքում խնջույք է եղել, թե ներկաներին պարզապես հրավիրել են այստեղ:

Ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։