Շաբաթ երեկոյան Մայամիի միջազգային օդանավակայանում տղամարդը դանակահարել է մի կնոջ, և հարյուրավոր ուղևորներ տարհանվել են՝ որպես նախազգուշական միջոց, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Կնոջը դանակահարել են տեղական ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում, չորրորդ հարկում գտնվող տերմինալում, անվտանգ գոտուց դուրս:
Մայամի-Դեյդի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչ Անխել Ռոդրիգեսը հայտնել է, որ տղամարդը նաև փորձել է կնոջը ցած նետել բազրիքից, սակայն վերջինիս հաջողվել է դուրս պրծնել: Ոստիկանները հայտնաբերել են զենքը և ձերբակալել տղամարդուն, ասել է նա։
Ռոդրիգեսը միջադեպը որակել է «առանց սադրանքի վեճ», ընդ որում ոստիկանությունը չի ճշտել՝ արդյո՞ք, զոհն ու հարձակվողը ճանաչում էին իրար:
Ոստիկանությունից հայտնել են, որ կինը դանակի մի քանի վնասվածքներով, ծանր վիճակում հոսպիտալացվել է:





























