CNN-ի աղբյուրներից մեկը, որը զբաղվում է դրամահավաքի հարցերով,  թեթևացած շունչ է քաշել այն բանից հետո, երբ կիրակի հայտարարվեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այլևս չի փորձելու վերընտրվել:

«Նախագահ Բայդենը ճիշտ որոշում կայացրեց։ Այժմ խոշոր դոնորների գումարները նորից կներհոսեն։ Նրա անձնուրաց արարքը կփրկի մեր հանրապետությունը»,- CNN-ին ասել է աղբյուրը։

Այն բանից հետո, երբ Բայդենը հրապարակեց իր որոշումը  X-ի իր միկրոբլոգում, դոնորների արձագանքը «միաձայն դրական էր», - ասել է աղբյուրը:

Դեմոկրատական ​​դոնորներին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր CNN-ին ասել է. «Դա փողերի ձնահյուս է»:

Դեմոկրատական ​​կուսակցության երկարամյա դոնոր Սթիվեն Քոզենը, որը նախագահին իր ընկերն է համարում, կիրակի օրը CNN-ին ասել է, որ ինքը «ցնցված» չէ Բայդենի որոշումից։

«Ես չափազանց հպարտ և երախտապարտ եմ նրան, որ մի կողմ դրեց իր անձնական հավակնությունները և արեց այն, ինչ  լավագույնս համապատասխանում է երկրի շահերին», - ասել է նա:

Քոզենն ասել է, որ կշարունակի աջակցել փոխնախագահ Քամալա Հարիսին որպես դեմոկրատ թեկնածու:

«Իմ կարծիքով, նա մեր թեկնածուն է, և պետք է լինի մեր թեկնածուն,- ասել է նա CNN-ին։- Նա արդեն ստացել է իմ գումարի զգալի մասը, և ես շարունակելու եմ գումար հայթայթել և գումար տալ նրա նախագահական արշավի համար»։