Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն օրեր առաջ հանդիպել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո նա Daily Mail-ին պատմել է, թե ինչպես է հանրապետականը մտադիր լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունն՝ ընտրություններում հաղթելու դեպքում։
Ըստ Ջոնսոնի՝ Թրամփի ծրագիրը ոչ մի առննչություն չունի շատ եվրոպացիների մտավախությունների հետ, որոնք վախենում են՝ ընտրություններում հաղթելու դեպքում նա պարզապես կհրաժարվի Ուկրաինային օգնությունից, գրում է Bild-ը։ Ընդհակառակը, Թրամփը սկզբնական փուլում կարող է նույնիսկ կտրուկ մեծացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային։
«Մի մոռացեք, որ 2022 թվականին Կիևի համար ճակատամարտում որոշիչ դեր խաղացած Javelin հակատաանկային զենքը ուկրաինացիներին մատակարարել է ոչ թե Օբաման կսմ Բայդենը, այլ հենց Թրամփը»,-նշել է Ջոնսոնը:
Որպես առաջին քայլ, Թրամփը, և նրա հետ միասին արևմտյան այլ երկրների ղեկավարները, կարող են թույլ տալ Ուկրաինային օգտագործել ATACMS և Storm Shadow հրթիռները Ռուսաստանի օդանավակայանների դեմ: Ուկրաինան վաղուց էր կոչ անում Արևմուտքին գնալ այդ քայլին, սակայն մինչ այժմ ուկրաինական զինված ուժերը կարող են միայն արևմտյան զինատեսակներով հարձակվել ռուսական սահմանամերձ շրջանների առանձին դիրքերի վրա։
Ըստ Ջոնսոնի՝ գործարքը կարող է հետևյալ տեսքն ունենալ. Ռուսաստանը ստիպված կլինի նահանջել մինչև 2022 թվականի փետրվարի 24-ին սահմանները, և Ուկրաինան, համապատասխանաբար, հետ կստանա բոլոր բռնազավթված տարածքները, բացի Ղրիմից։ Այդ ժամանակ Ուկրաինան կկարողանա ազատորեն անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, եթե դաշինքը դրան պատրաստ լինի։
Դրա դիմաց Ուկրաինան կարող է ռուսաց լեզվի պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենքներ մտցնել, որոնք Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն կտան հայտարարելու, որ «հատուկ գործողության» նպատակներն իրականացվել են։
Ինքը՝ Ջոնսոնը, լավատեսորեն է տրամադրված, որ հաղթած հանրապետական թեկնածուն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին կկարողանա վերջ դնել։
«Այս շաբաթ Դոնալդ Թրամփի հետ խոսելուց հետո ես ավելի քան երբևէ վստահ եմ, որ նա ուժն ու քաջությունը կների Ուկրաինան փրկելու, խաղաղություն հաստատելու և հակամարտության աղետալի տարածումը դադարեցնելու համար», - հայարարել է Ջոնսոնը։





























