Թբիլիսիի քաղաքային դատարանը ներքին գործերի նախարարությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել 2019 թվականի հունիսի 20-ին «Գավրիլովի գիշերը» ցույցը ցրելու ժամանակ տուժածին։
Ըստ NewsGeorgia-ի՝ հայցվորի աչքին կրակել են ռետինե փամփուշտով, երբ վերջինս փորձել է օգնել արցունքաբեր գազի պատճառով վատացած հանրահավաքի մասնակիցներից մեկին։ Կատարվել են մի շարք վիրահատություններ, սակայն տեսողությունը չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել։
Վրաստանի ՆԳՆ-ին պարտավորեցրել են 50 հազար լարիի չափով բարոյական վնասի փոխհատուցում վճարել հայցվորին, ինչպես նաև աշխատունակության նվազման պատճառով մինչև կյանքի վերջ ամսական վճարել 1440 լարի։
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել էր վրացական իշխանություններին 153 հազար 600 եվրո վճարել «Գավրիլովի գիշերը» բողոքի ցույցը ցրելու ժամանակ տուժածներին։ Դատարանը որոշել է, որ Վրաստանը ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի գործողությունները պատշաճորեն չի հետաքննել։



























