Վրացական ընդդիմության ներկայացուցիչները Վրաստանի իշխանություններից պահանջում էին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչը կհանգեցնի հանրապետության տնտեսության 17%-ով անկման։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ինչ արդյունքի կհանգեցնի նման անլուրջ և անխոհեմ քաղաքականությունը, մանրամասն հաշվարկել են տնտեսագետները։ 2022 թվականին 10 տոկոս տնտեսական աճի փոխարեն Վրաստանը կունենար մինչև 17 տոկոս տնտեսական անկում, ինչը համարժեք է 18 միլիարդ լարիի (ավելի քան 6,6 միլիարդ դոլար) վնասի։ Արդյունքում մենք երեք անգամ ավելի ուժեղ տնտեսական հարված կունենայինք, քան ունեցել ենք [կորոնավիրուսի] համաճարակի ժամանակ, ինչը հավասար է տնտեսության կործանմանը», - ասել է Պապուաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընդդիմության պահանջը։