42-ամյա տղամարդը հոսպիտալացվել է Մահվան հովտի ազգային պարկի Կալիֆորնիայի հատվածի ավազաբլուրներում զբոսնելուց հետո, գրում է CNN-ը։ Օդի ջերմաստիճանն այդ օրը հասել է 50 աստիճանի, իսկ գետինն էլ ավելի տաք է եղել։ Ավազաբլուրների վրա զբոսնելիս տղամարդը կորցրել է կոշիկները, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Շիկացած մակերևույթով նա այլևս չէր կարողանում շարժվել։ Ընտանիքը օգնություն է կանչել։ Մյուս այցելուներն օգնել ու նրան տարել են ավտոկայանատեղի: Այնտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները երրորդ աստիճանի այրվածք են ախտորոշել։ Այս մակարդակում քայքայվում են մաշկի երկու շերտերը և նյարդերի վերջավորությունները, կարող են վնասվել ոսկորները, մկանները և ջլերը:

Երկու շաբաթ առաջ Մահվան հովտում   գերտաքացումից մի մոտոցիկլիստ էր մահացել։ Այդ օրը պարկում ջերմաստիճանը հասել էր 53 աստիճանի։ Մահվան հովիտը համարվում է Երկրի ամենաշոգ վայրերից մեկը։