Ազգային ընտրական խորհրդի՝ հուլիսի 28-ին անցկացված նախագահական ընտրություններում գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին հայտարարությունից հետո տասնյակ հազարավոր վենեսուելացիներ բողոքի ցույցի են դուրս եկել։
Կարակասում մարդիկ վանկարկում են «Խարդախություն» բառը։ Մայրաքաղաքը Լա Գուայրային կապող գլխավոր մայրուղու վրա անվադողեր են այրում՝ արգելափակելով երթևեկությունը դեպի միջազգային օդանավակայան: Bloomberg-ը գրում է, որ ազգային գվարդիայի զինվորները ժամանել են նրանց ցրելու համար։
Ցուցարարները միաժամանակ քանդում են նախկին նախագահ Ուգո Չավեսի հուշարձանները։
Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ Մադուրոն հավաքել է ձայների 51,2 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Միացյալ հարթակի» թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44,2 տոկոս։ Ընտրություններն մասնացել է ընտրողների 59 տոկոսը։ Այսպիսով, գործող նախագահը, որն արդեն երկու ժամկետ իշխանության ղեկին է, հնարավորություն է ստացել ևս վեց տարի կառավարել Վենեսուելան։
Հատկանշական է, որ Ընտրական խորհուրդն առաջին արդյունքները հրապարակել է ընտրատեղամասերի փակվելուց միայն վեց ժամ անց։ ԱԸԽ-ի նախագահ Էլվիս Ամորոսոն հետաձգումը պայմանավորել է էլեկտրոնային քվեարկության համակարգի վրա կիբերհարձակմամբ: Ուշագրավ է նաև, որ Վենեսուելայում քվեարկության նախօրեին Wikipedia-ն արգելափակվել էր։
Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները։ Ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որին Գերագույն դատարանը մինչև 2038 թվականը արգելել է առաջադրվել կամ զբաղեցնել պետական պաշտոն, Գոնսալեսին անվանել է ընտրված նախագահ՝ նշելով, որ նա ստացել է ձայների 70%-ը Մադուրոյի 30%-ի դիմաց։ «Մենք հաղթեցինք, և ամբողջ աշխարհը գիտի դա», - ասել է նա: Դա անուղղակիորեն հաստատում են exit poll-երը և նախընտրական հարցումները։





























