ԱՄՆ-ը պատրաստ կլինի վերսկսել Վրաստանի կառավարությանն ուղղված աջակցության ծրագրերը, եթե կառավարությունը հրաժարվի իր հակաարևմտյան և հակաժողովրդավարական քաղաքականությունից։ Դրա մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

Նա  ԱՄՆ որոշումը բացատրել է վրացական իշխանությունների հակաարևմտյան քաղաքականությամբ։

«Միացյալ Նահանգները դիմեց այդ քայլին վերջին հակաժողովրդավարական գործողությունների և վրացական իշխանությունների կեղծ հայտարարությունների հետևանքով, որոնք անհամատեղելի են և՛ ԵՄ-ին, և՛ ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին»,- նշել է նա։

Պատելը հիշեցրել է, որ հարցումները հաստատում են Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը, սակայն կառավարության գործողությունները երկիրը տանում են հակառակ ուղղությամբ։

«Մենք կշարունակենք կոչ անել վրացական իշխանություններին վերադառնալ ժողովրդավարության և եվրատլանտյան ինտեգրման ուղուն՝ միաժամանակ  չեղարկել արտաքին ազդեցության օրենքը, հետ կանչել այլ վիճահարույց նախագծերը, դադարեցնել ապատեղեկատվության քարոզարշավը և պարտավորվել անցկացնել թափանցիկ ընտրությունները և քարոզարշավ՝ միջազգային և ազգային դիտորդների մասնակցությամբ»,- ընդգծել է Պատելը` հավելելով, որ այս դեպքում ԱՄՆ-ը կարող է հետագա օգնություն ցուցաբերել Վրաստանին` որպես ժողովրդավարական գործընկերոջ:

Նա նաև նշել է, որ պաշտոնական Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև լարվածությունը չի նշանակում վրաց ժողովրդի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի փոփոխություն, իսկ Վրաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, անկախ լրատվամիջոցների աջակցության ծրագրերը կշարունակվեն։

Օգոստոսի 1-ին Վրաստանում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հիման վրա գործարկվել է օտարերկրյա ֆինանսավորման զգալի մասնաբաժին ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների գրանցման ռեգիստրը։