Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիռեզա Էլհամին հայտնել է, որ իրանական բանակի ստորաբաժանումը նոր սարքավորումներ կստանա, գրում է Mehr գործակալությունը։

Բրիգադային գեներալ Էլհամին ընդգծել է, որ Իրանի բանակը հատուկ ուշադրություն է դարձնում տարբեր ոլորտներում իր ռազմական սարքավորումների արդիականացմանը։

Նա հավելել է, որ օրակարգում է ցամաքային տեխնիկայի և մեծ հեռահարությամբ ժամանակակից հրթիռային համակարգերի արտադրությունը։

Գեներալը միաժամանակ ընդգծել է, որ Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները թարմացվում և պատրաստվում են՝ մեծացնելով իրենց հզորությունը տարբեր ոլորտներում, դրանց թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռադարների և տեղեկատվության հավաքման համակարգերում։

Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության զորքերի մարտական ​​ստորաբաժանման հետ մեծ քանակությամբ տեխնիկա պատրաստ է ՀՕՊ-ի մարտական ծառայության անցնելու, և չի բացառել, որ շաբաթվա ընթացքում նոր տեխնիկայի համալրման արարողություն կանցկացվի։

«Մենք 100%-ով ինքնաբավ ենք, կախված չենք օտար տեխնոլոգիաներից, և մեր օդային սահմանների անվտանգությունը կախված չէ օտար պետություններից»,- շեշտել է իրանցի գեներալը։