Թփուտներով ծածկված Արիզոնայի բլուրների տակով անցնող հողոտ ճանապարհին ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը Մեքսիկայի սահմանի երկայնքով իր կառուցած պատի հատվածը և պողպատե հենասյուների կույտն օգտագործել է, որպեսզի  տեսողական հակադրություն ստեղծի սահմանային անվտանգության հարցում իր և դեմոկրատ  հակառակորդ, փոխնախագահ Քամալա Հարիսի մոտեցման միջև, գրում է CBS News-ը։

Հինգշաբթի Թրամփի սահմանային այցին միացել են այն երեխաների մայրերը, որոնք սպանվել են Բայդենի վարչակազմի օրոք այն գործերով, որոնցում կասկածյալները ապօրինի կերպով երկրում գտնվող ներգաղթյալներ են։

«Այն, ինչ Բայդենն ու Քամալան արել են այստեղ ինձ հետ գտնվող ընտանիքների, և շատ ուրիշների, հազարավոր այլ մարդկանց հետ, ոչ միայն սպանել, այլև իսկապես խիստ վիրավորվել, այնպիսի մեծ ցավ է պատճառել, որ նրանք այլևս չեն կարողանա նորմալ կյանքով ապրել: Դա ամոթալի է, և դա չարիք է»,- ասել է Թրամփը։

Թրամփի հետ սահմանին եղել են նաև Քոչիս շրջանի շերիֆը և սահմանապահների արհմիության ղեկավարը:

«Իմ աջ կողմում այն ​​է, ինչ մենք անվանում ենք Թրամփի պատ։ Այս պատը կառուցվել է նախագահ Թրամփի օրոք,- ասել է սահմանապահների արհմիության նախագահ Փոլ Փերեսը։- Իսկ ձախ կողմում այն ​​է, ինչ մենք անվանում ենք Քամալայի պատ: Մենք ուղղակի նստած ենք՝ ձեռքներս ծալած, ու ոչինչ չենք անում»։