Կրեմլը ճիշտ չի համարում այժմ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալումը մեկնաբանելը, քանի որ առայժմ հայտնի չէ, թե ինչում են նրան մեղադրում, սկզբում պետք է սպասել իրավիճակի պարզմանը, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք առայժմ չգիտենք, թե կոնկրետ ինչում են մեղադրում Դուրովին, մենք առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չենք լսել այդ մասին։ Եվ ինչ-որ բան ասելուց առաջ պետք է սպասել իրավիճակի պարզմանը, թե ինչ են վերագրում Դուրովին։ Առանց դրա, հավանաբար, ճիշտ չէր լինի ինչ-որ հայտարարություն անել։ Եկեք սպասենք, թե երբ կհնչի մեղադրանքը, եթե այն հնչեցվի, եթե բանը դրան հասնի։ Դրանից հետո արդեն կարելի կլինի ինչ-որ նախնական եզրահանգումներ անել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Շաբաթ երեկոյան ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը, ինչպես նշվել է, եկել էր Ադրբեջանից։ Ֆրանսիական մամուլի տեղեկացմամբ, Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացի է, նշված է երկրում հետախուզվող անձանց ցուցակում։
Ֆրանսիայի արդարադատությունը, ըստ ԶԼՄ-ների, Դուրովին համարում է մի շարք հանցագործությունների մասնակից տարբեր պատճառներով, այդ թվում այն պատճառով, որ Telegram-ը հրաժարվել է համագործակցել երկրի իշխանությունների հետ։ Մեսենջերի հիմնադրին կարող են ներկայացնել նաեւ ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, խարդախության եւ փողերի լվացման մեղադրանքներ։ Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկացմամբ՝գործարարին սպառնում է 20 տարվա բանտարկություն։





























