Վրացական ընդդիմադիր լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է ուղղափառությունը պետական կրոն հայտարարել։
Լրագրողները պարզել են, որ «Վրացական երազանքի» նախընտրական ծրագրի «առեղծվածային» կետը նախատեսում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել, այս տեղեկությունը նրանց հաստատել են մի քանի աղբյուրներ։
Երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին, Վրաստանի պատրիարքարանը, իբր, արդեն խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան հոգեւորականների մասնակցությամբ այս հարցի շուրջ այն բանից հետո, երբ նման նախաձեռնությունը գաղտնի ստացվել է իշխանություններից։
Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, իբր, դեմ է դրան՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ չէ, և դեռ չի եկել նման քայլի պատմական պահը։ Նաև որոշ եկեղեցականների հակափաստարկն այն է, որ այս դեպքում եկեղեցին ավելի քիչ անկախ կդառնա պետությունից։
Իշխանությունների կողմից նույնպես պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել, սակայն «Վրացական երազանքը» բացահայտ ասել է, որ իրենց նպատակն է «պաշտպանել Վրաստանի ինքնությունն ու ազգային արժեքները», իսկ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մոտ ապագայում հանրությանը կտեղեկացվի «Վրաստանի և քրիստոնեական հավատքի համար էկզիստենցիալ նշանակություն ունեցող շատ կարևոր խնդրի մասին»։





























