Ռուսական բուհերի դասախոսներին խորհուրդ են տալիս հրաժարվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ «ոչ բարեկամական այլ երկրներում» հրատարակված գրականությունից եւ հոդվածներից։

Ինչպես պատմել են իրազեկ աղբյուրները «Ազատ համալսարանի» անվճար դասընթացներ կարդացող  դասախոսների միավորմանը, այս հանձրարարականը կրում է ոչ պաշտոնական բնույթ։ Եթե չի կարելի շրջանցել օտարերկրյա հրատարակումը, ապա անհրաժեշտ է նշել մուտքի կեղծ տվյալներ, ինչպիսին է «բարեկամական» երկրում հրատարակված լինելը։

Հուլիսի սկզբին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչովը Ռուսաստանի ռեկտորների միության համագումարում հայտնել է, որ համալսարանների ուսանողները պետք է սովորեն Ռուսաստանում ստեղծված դասագրքերով, որոնք համապատասխանում են «ավանդական արժեքներին»։

Նրա խոսքով՝ այս առաջարկն արտացոլում է 60 բուհերի ռեկտորների դիրքորոշումը, որոնք մասնակցել են համագումարին։ Կրոպաչովը նշել է, որ իրեն աջակցում են, այդ թվում լեզվաբանության դասախոսները։ Համագումարի մասնակիցները քննարկման արդյունքում եկել են այն եզրահանգման, որ առկա դասագրքերը չեն համապատասխանում պետական քաղաքականության մասին նախագահի հրամանագրին «ավանդական արժեքների» պահպանման եւ ամրապնդման մասով։

Անցած տարի Ռուսաստանի ժողտնտեսության եւ ՌԴ նախագահին կից պետական ծառայության ակադեմիան մշակել է ձեռնարկ՝ «Ռուսական պետականության հիմքերը» վերնագրով, հումանիտար բուհերի համար։ Հեղինակները Վլադիմիր Պուտինին համեմատում են Իոսիֆ Ստալինի հետ, իսկ «ավանդական արժեքները»՝ արեւմտյանի, դրանք անվանելով «մահվան պաշտամունք»։

Ձեռնարկում հավաստիացվում է, որ արեւմտյան արժեքներն ուղղված են «մարդկանց ֆիզիկական անմահության ձեռքբերմանը», իսկ «բնական մարդուն» այնտեղ աստիճանաբար վերածում են «անհատականությունից եւ հոգեւոր հատկանիշներից զրկվածի»։ Այս հայեցակարգը, համոզված են հեղինակները, անհրաժեշտ է «ուլտրալիբերալ գաղափարախոսներին», որպեսզի կրճատեն աշխարհի բնակչության թիվը։ «Այդ պաշտամունքի շրջանակում նրան քարոզում են «էվթանազիա հիվանդների, ծերերի եւ տկարների համար, ինքնասպանություն դեռահասների համար, հրաժարում երեխաներ ունենալուց, հղիության ընդհատում, հրաժարում ավանդական սպիտակուցային սննդամթերքներից», նշված է ձեռարկում։ Որպես այլընտրանք հեղինակներն առաջադրում են «ավանդական արժեքները», ինչպիսին են հավատը, պետությունը, արժանապատվությունը, գիտելիքը,  մշակույթը, անձը, խաղաղությունը, ժողովրդի իշխանությունը, ազգային ավանդույթները, արդարությունը։