Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է մեծ քաղաքականությունից դուրս գալու եւ մեծ սպորտ վերադառնալու մասին:

Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում Օլիմպիական խաղերի չեմպիոնը հայտարարել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունից դուրս գալու մասին: Պատճառը կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Օքսանա Դմիտրիեւայի հետ ունեցած տարաձայնությունն է եւ Սոչիի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելը:

Պլյուշչենկոն նշել է, որ մեծ սպորտն ու քաղաքականությունն անհամատեղելի են: Նա խոստացել է այլեւս ոչ մի կուսակցության չանդամակցել:

«Ես սկզբունքային որոշում եմ ընդունել ավարտել քաղաքական գործունեությունս ու զբաղվել մարզական գործունեությամբ»,- Պլյուշչենկոյի խոսքը մեջբերում է РБК-ն:

Պլուշչենկոն «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությանն անդամակցել էր 2006-ին, իսկ 2007-ի գարնանն ընտրվել էր Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր: Սակայն գործընկերները քննադատում էին Պլյուշչենկոյին նիստերին չներկայանալու համար: