Հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում հայկական կողմը բեռնափոխադրումների իրականացման համար պատրաստ կլինի մեկ-երկու օրից։ Այս մասին նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ասուլիս ժամանակ հայտնեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ չնայած երկաթուղու անգործությանը, դրա վրա միշտ ընթացիկ աշխատանքներ կատարվել են։ Թուրքիայի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհների վրա եւս աշխատանքներ կատարվում են։ Նորոգվում է Մարգարա գյուղի ճանապարհը, իսկ հաջորդ տարի նախատեսվում է նաեւ Գյումրիի մոտակա անցակետի ճանապարհի նորոգումը։ Խոսելով «Վերին Լարս» անցակետի բացման բանակցությունների լուրերի մասին՝ Գուրգեն Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ այդ ուղղությամբ ընթացող բանակցությունների մասին նախարարությունը տեղեկացված չէ։ «Անցակետի բացման հարցը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լուծվելիք խնդիր է»,- նկատեց նախարարը։ Գ. Սարգսյանի խոսքով, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ավելի ձեռնտու կլինի օգտվել Թուրքիայի Միջերկրական ծովի նավահանգիստներից, քան Սեւ ծովի թուրքական եւ վրացական նավահանգիստներից։ «Խնդիրն այն է, որ Սեւ ծովով ցանկացած փեռնափոխադրում ավելի թանկ է, քան Միջերկրականով կատարվող բեռնափոխադրումները»,- ասաց նախարարը։
Հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին նախարարը տեղեկացրեց, որ Ասիական բանկն արդեն հավանություն է տվել ֆինանսավորելու՝ երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հետազոտությունների աշխատանքը։
«Բացի դրանից՝ Իրանը պատրաստակամություն է հայտնել 400 մլն դոլարով ֆինանսավորել երկաթուղու Հայաստանում կառուցվող հատվածը»,- նշեց Գ. Սարգսյանը։




























