«Բժիշկներ առանց սահմանների» (MSF, Médecins Sans Frontières) միջազգային ոչ առեւտրային կազմակերպությունը հայտարարել է Ռուսաստանում իր ծրագրերը փակելու մասին։

Պատճառն այն է, որ օգոստոսին կազմակերպությունը ՌԴ արդարադատության նախարարությունից նամակ է ստացել նրա մասնաճյուղը Նիդեռլանդներում  օտարերկրյա ՀԿ-ների ցանկից հանելու որոշման մասին, նշված է հայտարարությունում։

Որոշման պատճառը նշված չէ։ 2024թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ ցանկում նշված են միայն կազմակերպության երկու մասնաճյուղեր. «Բժիշկներ առանց սահմանների» (Բելգիա) եւ «Բժիշկներ առանց սահմանների» (Ֆրանսիա)։ Առաջինը հանվել է ցուցակից 2009թ., երկրորդի հանման ժամկետը նշված չէ։ «Բժիշկներ առանց սահմանների» (Նիդեռլանդներ) մասնաճյուղի համար նշված է, որ այն ցանկից հանվել է 2024թ. հուլիսին։

«Ծանր սրտով ստիպված ենք դադարեցնել մեր գործունեությունը Ռուսաստանում։ Մենք օգնություն ենք ցուցաբերում՝ ելնելով պահանջմունքներից, եւ մեր գործունեությունն անկախ է եւ անաչառ»,- ասել է Ռուսաստանում ծրագրի ղեկավար Յաշովարդհանը։

Հայտարարությունում նաեւ նշվել է, որ շատ մարդիկ, որոնք բժշկական եւ հումանիտար օգնության կարիք ունեն, հիմա կմնան առանց աջակցության։ «MSF-ը կցանկանար նորից աշխատել Ռուսաստանում, եթե դա հնարավոր լինի»,- ավելացրել են կազմակերպությունում։

Ռուսաստանում «Բժիշկներ առանց սահմանների»-ն աշխատում է 1992-ից։ Այս 32 տարիների ընթացքում կազմակերպությունն զբաղվել է տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ-ի բուժմամբ եւ կանխարգելմամբ, անօթեւանների օգնությամբ, հումանիտար օգնության հատկացմամբ Չեչնիայում, Ինգուշիայում, Դաղստանում։ Պատերազմն սկսվելուց հետո «Բժիշկներ առանց սահմանների»-ն օգնել է ուկրաինական տարածքներից, ինչպես նաեւ ռուսական մարզերից (այդ թվում Բելգորոդից) հարկադրյալ տեղահանվածներին, գնդակոծություններից տուժածներին։