Ուկրաինայի դաշնակիցները ընդգծում են, որ ամփոփիչ որոշումը ձմռանը պատերազմի հեռանկարի մասին ընդունելու են միայն Ուկրաինայի իշխանությունները, գրել է Bloomberg-ը։ Որոշ երկրներ սկսել են ավելի լրջորեն դիտարկել այն տարբերակները, թե ինչ տեսք կունենա պատերազմի դադարեցման բանակցային ուղին։ Իրավիճակին ծանոթ մարդիկ գործակալությանը պատմել են, որ Վլադիմիր Զելենսկին բացառում է տարածքների հանձնման տարբերակը, իսկ Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերում հրաժարվելու իր նպատակներից, այնպես որ՝ բանակցությունների հեռանկարը հստակ չէ։ Բայց պատերազմը կընթանա իր հունով, ասել է ԱՄՆ մի բարձրաստիճան պաշտոնյա։

Որոշ պաշտոնյաներ սկսում են ուսումնասիրել փակուղուց դուրս գալու հնարավորությունները դիվանագիտության օգնությամբ, մանավանդ որ մի շարք երկրներում Պուտինի սպառնալիքները ավելի լուրջ են դիտարկում։ Երկրների մյուս խումբը դեմ է բանակցություններին եւ պնդում է, որ թույլատրվեն հեռահար հարվածները։

Վերջին շաբաթներին ՆԱՏՕ երկրները ակտիվորեն քննարկում են ամերիկյան ATACMS, բրիտանական Storm Shadow եւ ֆրանսիական SCALP հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը։ Վաշինգտոնը մինչ այժմ թույլ է տվել, որ դրանք գտնվեն Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում։ Կիեւում պնդում են, որ դրանք պետք է օգտագործել ռուսական ինքնաթիռների դեմ, որոնք թռչում են սահմանից հեռու գտնվող օդանավակայաններից եւ հարվածում են ուկրաինական քաղաքներին եւ էլեկտրակայաններին։