«Քաղաքական դաշտում պետք չէ ամեն օր նոր զարգացումների սպասել»,- նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլի մասին։

Նշելով, որ հայաստանյան քաղաքական դաշտում հարաբերական հանգիստ վիճակը պայմանավորված է սպասողական դրությամբ, նա ընդգծեց, որ նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին։ «Իրավիճակն այդ երկրում սրված է ոչ միայն հայ-թուրքական, այլ նաեւ քրդական հարցի առումով։ Անկարայում ամեն ինչ ավելի դժվար է, քան մեզ մոտ։ Իսկ լարվածության պատճառն այն է, որ Թուրքիան չի ուզում կորցնել ո՛չ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, ո՛չ Ադրբեջանին»:

Խնդիրը քննարկելով Թուրքիայի կողմից շրջանառության մեջ դրված «Զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսի համատեքստում՝ քաղաքագետը նկատեց, որ լարված իրավիճակն այդ երկրում բնական է, քանի որ Թուրքիան իր գրեթե բոլոր հարեւանների հետ խնդիրներ ունի եւ փորձում է ճկուն քաղաքականություն վարել նրանցից յուրաքանչյուրի հետ։

Հարցին՝ ի՞նչ կարող է լինել, եթե հայկական կողմն առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Ալ. Իսկանդարյանը պատասխանեց, որ դա տրամաբանությունից զուրկ տարբերակ չէ եւ այդ դեպքում հետաքրքիր կլինի հետեւել Թուրքիայի հետագա գործողություններին։

Անդրադառնալով նրան, թե որքանո՞վ է առնչվում ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին, նա հայտարարեց. «Եթե ղարաբաղյան հարցը չլիներ, Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններն, անկասկած, փակ չէին լինի։ Ամեն ինչ, ի վերջո, պտտվում է Ղարաբաղի շուրջ»: