«Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով՝ ձգտելով այդ եղանակով խթանել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվի հետ նոյեմբերի 11-ին կայացած հանդիպմանը:

Ըստ առաջին նախագահի՝ «Հայաստանի խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու եւ փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից։ Այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը՝ միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը»:

Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, թե Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանում եւ Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակամիջոցում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության: «Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար, մերժելու է այդ խնդրանքը եւ, ընդհակառակը, Ղարաբաղի հարցում ավելի եւս մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա»,- նշել է առաջին նախագահն ու հավելել. «Ամենայն հավանականությամբ, շահագրգիռ ուժերը Հայաստանին հորդորելու են նաեւ առաջինը վավերացնել հայ–թուրքական արձանագրությունները՝ այն հիմնավորմամբ, որ դրանից հետո Թուրքիայի համար հեշտ չի լինի ձգձգել վավերացման գործընթացը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, թե «իրերի տրամաբանությամբ՝ մոտակա ամիսներին զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ–թուրքական հարաբերությունների, որքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, որովհետեւ, վերջին հաշվով, հայ–թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ իսկ Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը»։

«Ինչպես տեսնում ենք, իրավիճակը չափազանց նուրբ է եւ զգայուն, ինչը մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջեւ։ Բարդությունը մի կողմից՝ այն է, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից»,- ասել է Տեր-Պետրոսյանն ու հավելել. «Հայ ազգային կոնգրեսը մշտապես առաջնորդվել եւ այսուհետ եւս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, եւ հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը։ Դժբախտաբար, նույնը չի կարելի ասել իշխանությունների մասին, որոնք համառորեն չեն ուզում օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման եւ ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու եւ արտաքին մարտահրավերները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը»։

Տեր-Պետրոսյանի համար անհասկանալի է հետեւյալ առեղծվածը։ «Քանզի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու»,- ամփոփել է նա։