«Մենք կողմ ենք թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հիմնված պետք է լինի փոխզիջման եւ հավասարակշռվածության սկզբունքների վրա, բայց դրա հետ մեկտեղ, վճռականորեն դեմ ենք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թե նպաստելու, այլ ընդհակառակը, խանգարելու է հայ–թուրքական հաշտեցմանը»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվի հետ նոյեմբերի 11-ին կայացած հանդիպմանը:
Առաջին նախագահը ակտիվի հետ հանդիպմանը մանրամասնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումները բախտորոշ հարցերում:
Ըստ ՀԱԿ առաջնորդի՝
«-Ղարաբաղի հարցում մեզ համար խնդրահարույց է կարգավորման որեւէ ծրագիր, որում հստակեցված չէ խաղաղապահ ուժերի տեղակայման պարագան, սահմանված չէ Լաչինի միջանցքի կարգավիճակը եւ ամրագրված չեն հանրաքվեի անցկացման պայմանները.
- Հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բնագավառներում վտանգավոր զարգացումների կասեցման միակ միջոցը իշխանափոխությունն է, որի իրագործումը, սակայն, անհնար է, քանի դեռ այդ բանը չեն գիտակցել բոլոր քաղաքական ուժերը եւ չի հաղթահարվել հասարակության զգալի մասի անտարբերությունն ազգային հարցերի նկատմամբ:
- Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշխանության կողմն են, որքան էլ ձեւացնեն, թե իսկապես մտահոգված են նշված անցանկալի զարգացումներով:
- Իշխանափոխության եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած, այդ թվում՝ ոչ գաղափարակից ուժի հետ, բացառությամբ արտաքին ուժերի»։
Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, որ որեւէ այլ քաղաքական ուժ, բացի Հայ ազգային կոնգրեսից, այսպիսի հստակ, իրատեսական եւ Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում չի արտահայտել։ «Ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջեւ կանգնեցնելու վտանգով։ Իսկ երբ այդ կարգախոսներն ուղեկցված չեն իշխանափոխության պահանջով, նրանք նաեւ կեղծ ու փարիսեցիական են",- նշել է Տեր-Պետրոսյանը։




























