«Թուրքիայի քաղաքականությունը միշտ խորամանկ եւ հեռատես է եղել։ Ստեղծված իրավիճակից նա ուզում է դուրս գալ առավելագույն ձեռքբերումներով՝ ստիպելով ղարաբաղյան հարցում զիջումների գնալ Հայաստանին, հասնել նրան, որ Հայոց ցեղասպանության հարցն առժամանակ սառեցվի, Հայաստանը հրաժարվի տարածքային պահանջներից»։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի Ստեփանակերտի թղթակիցը, նման կարծիք է հայտնել «Արմենական» կուսակցության ղեկավար, ԼՂՀ քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը։

«Թուրքիան, իմ կարծիքով, կաշխատի ամեն կերպ թուլացնել Հայաստանին։ Այսօր նա չի կարող անել այն, ինչ արեց 1915թ., քանի որ Հայաստանն այլեւս տարածաշրջանում դիրքեր եւ միջազգային ճանաչում ունեցող երկիր է։ Այսօր Թուրքիան լավ է հասկանում, որ պետք է գնա Հայաստանի հետ հարաբերությունների լավացման, որպեսզի տարածաշրջանում իր դիրքերը չթուլանան»,- նշել է նա։ Բացի այդ, Բորիս Առուշանյանը ուշադրություն հրավիրեց ղարաբաղյան հարցում Բաքվի ունեցած դիրքորոշման վրա։

«Անգամ պարտվելով իրենց կողմից հրահրված պատերազմում, անգամ որպես պարտված կողմ՝ Ադրբեջանը անհնարին պահանջներ է առաջ քաշում։ Սակայն մենք երբեք չենք պարտվի Ադրբեջանին, որովհետեւ ավելի շահեկան դիրքեր ունենք»,- նշել է նա։ Նա նաեւ նշել է, որ չցանկանալով կորցնել ադրբեջանական համակրանքը՝ Թուրքիան խարդախում է ղարաբաղյան հարցում։

«Մենք պետք է պնդենք, որ ղարաբաղյան հարցը ոչ մի կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»,- ընդգծել է Բորիս Առուշանյանը։ Բացի այդ, նա այսպես կոչված մադրիդյան սկզբունքները «չափազանց վտանգավոր» է համարել Ղարաբաղի համար։ «Անկախության հարցը քննարկման առարկա չպետք է լինի։ Մենք պետք է անվտանգության երաշխիքների 3 աստիճան ունենանք՝ տեղական, տարածաշրջանային եւ համաշխարհային»,-ասել է Բորիս Առուշանյանը։

Նա նշել է նաեւ, որ «քննարկվելիք հարցեր շատ կան, սակայն մեր անկախության հարցի քննարկումը միանշանակորեն պետք է հանվի բանակցությունների փաթեթից»,- նշել է նա։