Թուրքիայի համար կարեոր այս ժամանակահատվածում թուրքական հասարակության հիմնական ուշադրությունը ուղղված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վրա։ Արդեն կայացել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, եւ այժմ արձանագրությունների ճակատագիրը կախված է թուրքական խորհրդարանից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրի հետ համարյա զուգահեռ ընթացող մեկ այլ խնդիր՝ քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, նույնպես դարձել է թուրքական խորհրդարանի քննարկման թեմա։ Քրդական հարցի կարգավորման նախաձեռնության քննարկումը նշանակված էր նոյեմբերի 10-ին։ Զուգադիպություն էր, թե ոչ, սակայն այդ օրը նաեւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան տարեդարձի օրն է։

Վերջին շրջանում գրեթե նվազել են թուրքական իշխանությունների կողմից իրականացվող քրդական հարցի կարգավորման ուղղությամբ թե ջանքերը, թե հայտարարությունները։ Սա հիմնականում պայմանավորվում է իշխանությունների հայտարարած «Արի տուն» նախաձեռնության ժամանակավոր տապալմամբ։ Բանն այն է, որ Հյուսիսային Իրաքում հանձնված եւ Թուրքիա տեղափոխված քուրդ զինյալներին Թուրքիայի սահմանին քրդերը դիմավորեցին շքեղ միջոցառումներով։ Այս ամենը բողոքի ալիք բարձրացրեց թուրք ազգայնականների եւ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) դեմ պայքարում զոհված թուրք զինվորականների հարազատների մոտ։ Սրա հետեւանքով անորոշ ժամանակով հետաձգվեց PKK-ի անդամների ընդունումը Թուրքիայի կողմից։

Քրդական հարցի կարգավորման, կամ ինչպես այլ կերպ եւս ասում են Թուրքիայում՝ ժողովրդավարական նախաձեռնության քննարկումները Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցան ոչ ժողովրդավարական միջավայրում։ Խորհրդարան բերած ցուցապաստառներ, բողոքի ակցիա ընդդիմադիր պատգամավորների կողմից հենց խորհրդարանի դահլիճում, վիճաբանություն, հայհոյանք եվ ձեռնամարտ։

Խորհրդարանի ընդդիմադիրների այս գործողությունները ոչ միանշանակ որակվեցին թուրքական մամուլի կողմից։ Թուրքական Zaman-ը նշում է, որ ընդդիմադիր պատգամավորների ձեռքի պաստառների վրա գրված Աթաթուրքի անունը անհարկի օգտագործվեց եւ այդ գործողությամբ՝ խորհրդարանի հեղինակությանն էլ վնաս հասցվեց, որը չսազեց, ոչ խորհրդարանին, ոչ էլ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորների կողմից պարզած ցուցապաստառների վրա գրված էր. «Մեր Աթաթուրք, քո թողածին տեր ենք կանգնելու», «Հանրապետությունը դու ես ստեղծել, իսկ մենք այն կպահպանենք», «Աթաթուրքի հետքերով ենք գնում»։ Խորհրդարանում ցուցապաստառ պարզած ամենաակտիվը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Իզմիրից ընտրված կին պատգամավոր Ջանան Արըթմանն էր։ Այս անունը հայտնի է շատերին։ Նա աչքի է ընկնում իր հակահայ վարքագծով եւ սկանդալային հայտարարություններով։ Մասնավորապես՝ 2008 թվականին նա մեղադրել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ «Ներեցեք հայեր» ակցիային աջակցելու համար եւ որպես վիրավորանք նշել, որ Գյուլի մայրը հայ է։ Նախագահ Գյուլը դատական հայց ներկայացրեց եւ շահեց Արըթմանի դեմ դատը։ Դատարանի վճռում նշված էր, որ Գյուլի մայրական կողմը ունի թուրքական արմատներ, սակայն եթե հայկական էլ լիներ՝ դա ոչ մի այլ հետեւանք չէր ունենա։ Ջանան Արըթմանը մեղադրել էր նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի կանանց՝ կրած հագուստների համար եւ նշել, որ նրանք Թուրքիայի մասին սխալ պատկերացումների հիմք են տալիս։ Այս արտահայտությունը դժգոհություն առաջացրեց Գյուլի եւ Էրդողանի տիկինների նման հագնվող միլիոնավոր կանանց մոտ։ Արըթմանը մեկ այլ սկանդալային միջադեպ եւս ստեղծել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Արըթմանը, քննադատելով նախագահ Աբդուլլահ Գյուլի տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի հագուկապը՝ ասել էր. «Գյուլի տիկինը վերջին անգամ հագած հագուստով լրիվ միանձնուհու նման էր։ Եթե ուշադրություն դարձնեք՝ միանձնուհիների հագուստը այդպիսին է։ Եթե ասեմ Գյուլի տիկինը պինգվինի նման է՝ դրանով պինգվիններին կնեղացնեմ»,-ասել էր կին պատգամավոր Ջանան Արըթմանը։

Ընդդիմադիր պատգամավորների մինի բողոքի ցույցը ստիպեց, որ խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը զգուշացնի ընդդիմադիրներին, որ Թուրքիայի խորհրդարանը միտինգի համար նախատեսված հրապարակ չէ, թող իջեցնեն պաստառները կամ դուրս գան դահլիճից։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի ելույթից հետո՝ ամբիոնին մոտեցավ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը։ Նա կրկին աչքի ընկավ իր ընդգծված հակահայկական վարքագծով։ Վերջինս խիստ քննադատեց իշխանություններին՝ ահաբեկիչների հետ սեղանի շուրջ նստելու համար եւ հարց տվեց, որ մի՞ թե Աթաթուրքը Շեյխ Սաիդի հետ այդպես էր վարվել։ Շեյխ Սաիդը 1925 թվականին կազմակերպել էր քրդական ապստամբություն, որը թուրքական իշխանությունները ռազմական ճանապարհով եւ մեծ ջանքերով են կարողացել ճնշել։ «Իսկ դուք ահաբեկիչի հետ սեղան եք նստում, բանակցություններ եք վարում։ Ձեռքը զենք վերցրած եւ լեռները բարձրացածին բաց եք թողնում, իսկ ձեռքը գրիչ վերցնողին բանտ նետելը նորմալ եք համարում։ Սա՞ է ձեր ժողովրդավարացման հասկացողությունը»,-ասել է Օնուր Օյմենը։

Խորհրդարանում հասցրել են նույնիսկ միմյանց վիրավորել եւ քաշքշել։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անունից ելույթ ունեցող՝ այդ խմբակցության ղեկավար Սուաթ Քըլըջի ելույթին առարկել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության խմբակցության ղեկավար Մեհմեդ Շանդըրը։ Նրանց միջեւ հակամարտությունը մի կերպ կարգավորել են մյուս պատգամավորները՝ հեռացնելով ազգայնականներին ամբիոնի մոտից։

Ելույթների վերջում՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը «Ժողովրդավարական նախաձեռնության» առաջարկությունը դրեց քվեարկության։ Քվեարկությամբ այն ընդունվեց։ Այս խնդրով քննարկումները նախատեսվեց անցկացնել նոյեմբերի 12-ին։

Նոյեմբերի 10-ին թուրքական խորհրդարանի այս անախորժ իրադարձությունները անհետեւանք չմնացին խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի համար։ Երբ ընդդիմադիր պատգամավորները ցուցապաստառներ էին բարձրացրել եւ միտինգ էին անում՝ Մեհմեդ Ալի Շահինը ընդմիջում հայտարարեց։ Ընդմիջման ժամանակ խորհրդարանը լքեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ թուրքական CNNturk-ի՝ վարչապետ Էրդողանը խորհրդարանը լքելուց առաջ տհաճ խոսակցություն է ունենում խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ։ «Այս ի՞նչ գործ է եղբայր։ Ինչպե՞ս եք թույլ տվել ցուցապաստառներ բացել։ Խորհրդարանը այդպե՞ս են ղեկավարում։ Այստեղ հանրահավաքի հրապարա՞կ է»,-հարցրել է Էրդողանը խորհրդարանի նախագահին։

Ահա սա այն խորհրդարանն է, որի վրա շուտով կսեւեռվի աշխարհի ուշադրությունը՝ կապված հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման հետ։

Անդրանիկ Իսպիրյան