Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ասել է, որ Վրաստանի ղեկավարությունը երկրի ժողովրդին հեռացնում է ԵՄ-ի անդամակցությունից՝ չնայած վրացի ժողովուրդը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Նա ընդգծել է, որ ներկայիս իշխանությունների օրոք երկիրը երբեք չի դառնա ԵՄ անդամ, հաղորդում է SOVA-ն։
Գերչինսկին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելը համարում է «իր դիվանագիտական կարիերայի ամենամեծ հաջողություններից մեկը» (14 դեկտեմբերի, 2023 թ.):
Դիվանագետն ասել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ամեն ինչ արվել է Վրաստանի դռները բացելու համար՝ ուկրաինացի խիզախ ժողովրդի վաստակի շնորհիվ, «ով պաշտպանում է ոչ միայն իր երկիրը, այլև քաղաքակիրթ աշխարհը»։
«Բայց ի՞նչ եղավ ձեր՝ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո։ Բնակչության մեծամասնությունը և ընդդիմադիր կուսակցությունները ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, սակայն կառավարությունը հեռացնում է մարդկանց այդ անդամակցությունից։ Վրաստանի կառավարության անդամները հեռու են Եվրամիության արժեքներից։
Ես իսկապես հուսով եմ, որ հոկտեմբերի ընտրություններից հետո մենք կվերադառնանք ԵՄ ճանապարհ, որն այս փուլում կասեցված է։ ԵՄ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները Վրաստանի հետ, եթե այն ունենա ժողովրդավարական կառավարություն։
Բայց եթե այս կառավարությունը խախտում է Եվրամիության հիմնարար սկզբունքները՝ ազատություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, ապա, ցավոք, պետք է դա շատ բացահայտ ասեմ՝ Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ»,- ասել է Գերչինսկին։
Դիվանագետը հայտնել է, որ Վրաստանի հարցով խորհրդարանական քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին Բրյուսելում։ Ելույթով հանդես կգա ԵՄ բարձր ներկայացուցիչը և ԵՄ փոխնախագահը։ Հոկտեմբերի 14-ին նախատեսված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը, որում Վրաստանը պաշտոնապես ներառված է ընթացիկ հարցերի օրակարգում։ ԵՄ 27 երկրների նախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը։
Հոկտեմբերի 17-ին և 18-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նիստը, որին նախագահ Շառլ Միշելը կհրավիրի ԵՄ 27 երկրների վարչապետներին և նախագահներին՝ քննարկելու Վրաստանի հարցը։
ԵՄ դեսպանը նշել է, որ առջեւում Վրաստանում ընդլայնման վերաբերյալ զեկույց կա։ Այն կհրապարակվի հոկտեմբերի երկրորդ կեսին։





























