Մոսկվայում ընթացող, աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անսպասելի պարտություն կրեց Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդից:
Մյուս պարտիաներում Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Ռուսլան Պոնոմարյովին, իսկ Վասիլի Իվանչուկը` Ալեքսանդր Մորոզեւիչին: Պետեր Լեկոն ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի, Վիշվանաթան Անանդը` Մագնուս Կառլսենի հետ: 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, որի հետ էլ այսօր կայանալիք 7-րդ տուրում հանդիպելու է Արոնյանը: Լեւոն Արոնյանը պարտությունից հետո զիջել է դիրքերն ու Մագնուս Կառլսենի հետ զբաղեցնում է 5-6-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ մրցաշարն անց է կացվում նոյեմբերի 5-14-ը` նախ «Նացիոնալ» հյուրանոցում, ապա ԳՈՒՄ-ի շքասրահում:
Տալի հուշամրցաշարից հետո սկսվելու է արագ շախմատի աշխարհի առաջնությունը:




























