Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել վերահաստատել իրենց հավատարմությունը «վրացական խարտիայի» նկատմամբ, որով ենթադրվում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նա միանձնյա կներկայացնի բարեփոխումների իրականացման համար պատասխանատու տեխնիկական կառավարությունը, հաղորդում է NewsGeorgia-ն։
«Ես պատրաստվում եմ ներկայացնել տեխնիկական կառավարություն, որը կազմված է ոչ քաղաքական գործիչներից։ Այն պետք է ներկայացվի ավելի վաղ՝ ընտրություններից առաջ, որպեսզի հասարակությունն իմանա, թե ով է պատասխանատվություն կրելու կառավարությունում»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։
«Ակնկալում եմ, որ կողմերը կհաստատեն, որ համաձայն են այս ամենին։ Հակառակ դեպքում, նրանք, ովքեր համաձայն չեն, կարող են հետ վերցնել իրենց ստորագրությունները»,- հավելել է նա։
Ենթադրվում է, որ խարտիայի բարեփոխումների ծրագիրը Վրաստանին կվերադարձնի Եվրամիությանն ինտեգրման ուղի։ Գործընթացը դե ֆակտո կասեցվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։ Զուրաբիշվիլին խարտիան նախաձեռնել է մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը։ Զուրաբիշվիլին ասել է, որ իր վերջին եվրոպական շրջագայության ժամանակ երաշխիքներ է ստացել, որ խարտիայի իրականացման շնորհիվ կսկսվեն երկրի անդամակցության բանակցությունները:
Խարտիան ստորագրել են արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ընտրությունների են գնում չորս կոալիցիաներով։ Մեծ հավանականությամբ նրանք բոլորը կլինեն հաջորդ գումարման խորհրդարանում։
Այս շաբաթ Զուրաբիշվիլին նրանց հետ հանդիպումներ է ունեցել, որոնք ի սկզբանե դիտարկվել են որպես տեխնիկական կառավարության թեկնածուների վերաբերյալ խորհրդակցություններ։ Այժմ նա հասկացրել է, որ խորհրդակցություններ չեն եղել: Ստորագրողներին փաստի առաջ են կանգնեցրել։




























