Պետդումայի Ինգուշիայի պատգամավոր Բեկխան Բարախոեւը հայտնել է, որ ոչ մի կապ չունի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի իբր մահափորձի հետ։ Այս մասին նա ասել է հանրության հետ ինգուշական Մալգոբեկ քաղաքում կայացած զրույցում, տեղեկացրել է «Фортанга»-ն։
«Վկա է Ալլահը։ Ես ոչ մի կապ չունեմ եւ երբեք չեմ ունեցել»,- նրան մեջբերել է պարբերականը։
Հոկտեմբերի 9-ին Կադիրովը իր թելեգրամ-ալիքում հրապարակել է տեսանյութ չեչեն ուժայինների խորհրդակցությունից։ Նա այնտեղ խոսել է «Wildberries-ի գրասենյակի միջադեպի մասին»։ Նա հիշատակել է Պետդումայի պատգամավորներ Բեկխան Բարախոեւին եւ Ռիզվան Կուրբանովին, ինչպես նաեւ Դաղստանի սենատոր Սուլեյման Քերիմովին։
«Եթե նրանք հակառակը չապացուցեն, ես պաշտոնապես արյան վրեժ եմ հայտարարում Բեկխան Բարախոեւին, Ռիզվան Կուրբանովին եւ Սուլեյման Քերիմովին։ Կան վկաներ, կան մարդիկ, որոնց նրանք պատվիրել են, հարցրել, թե որքանով կարող եք ընդունել [Ռամզան Կադիրովի սպանության] պատվերը»,- ասում է Կադիրովը։
Ինչպես նշել են ԶԼՄ-ները Կադիրովը Քերիմովին հիշատակել է Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության մասին պատմությունից հետո։
«Այնտեղ բիզնես իրավիճակ էր։ Այնտեղ էին Բեկխան Բարախոեւը, Քերիմով Սուլեյմանը, Կուրբանով Ռիզվանը։ Նրանք իրենց բիզնեսն ունեն, որը նրանք խլել են ոչ միայն կնոջից։ Նրանք պատվիրել են իմ սպանությունը»,- հավաստիացրել է Կադիրովը՝ խոսելով չեչեներեն։
Այն բանից հետո, երբ Կադիրովը խոստացել է արյան վրեժ հայտարարել Սուլեյման Քերիմովին եւ Պետդումայի եւս երկու պատգամավորի, Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը հայտնել է, որ հանրապետությունը «միշտ կաջակցի» սենատորին։ Մելիկովի խոսքով՝ Դաղստանի ժողովուրդը «միշտ շնորհակալ կլինի» Քերիմովին։ Բացի այդ, հանրապետության իշխանությունները Քերիմովին շնորհել են «Դաղստանի թիվ 1 պատվավոր քաղաքացու» կոչում։




























