«Ցավոք, Հայաստանում ընդդիմությունը իշխանությունների նման նույնպես շեղում է հասարակության ուշադրությունը դեպի հայ-թուրքական հարաբերություններ, ինչը նպաստել է, որ այսօր ամբողջ Հայաստանը նստած Անկարային է նայում»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն ու հավելեց. « Եթե իշխանական էլիտան է իրեն այդպես պահում, դա պարզ է, բայց նույնն է անում նաեւ հասարակությունն ու ընդդիմությունը»:
Նա ուրախությամբ նկատեց, որ այսօր շատ ակտիվ հասարակական գործիչները պահանջներ են դնում ընդդիմության առաջ եւ հասարակությունը պատասխաններ է պահանջում իր ընդդիմադիր առաջնորդներից, ինչը նոր մշակույթ է հայ իրականության մեջ:
«Ինչ-որ պահ եղավ, երբ իշխանությունները սկսեցին հասարակությանը ներշնչել, թե կա մի գերխնդիր եւ դրանից է կախված Հայաստանի ապագան. դա Թուրքիայի հետ սահման բացելն է: Ներխուժեց այդ միտքը բոլորի գլուխը եւ բոլորը դրանից բացի այլ բանի մասին չեն մտածում: Նույնիսկ երբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը հայտարարեց, որ սահմանի բացումը չէ Հայաստանի խնդիրը, այլ օլիգոպոլ համակարգի վերացումը, դա որեւէ ազդեցություն չթողեց հասարակության վրա: Խայծ են գցել ու հասարակությունը կուլ է տվել այն»,- ասաց փորձագետը:
Հարցին, թե ինչ պետք է անի ընդդիմությունն այս փուլում, նա պատասխանեց. «Ընդդիմությունը պետք է անի այն, ինչ անում էր մինչեւ հայ-թուրքական զարգացումները: Այս երկրում խնդիր է դրված վերացնել օլիգարխիկ համակարգը եւ կառուցել ժողովրդավարական հասարակություն. այդ խնդիրը մնում է, եւ կապ չունի դրան զուգահեռ ինչ է կատարվում: Այսօր հայ-թուրքականն է, վաղը այլ խնդիր կլինի: Ընդդիմությունը հասարակությունից համակարգը փոխելու մանդատ է ստացել, եւ դա պետք է իրականացնի»: Մ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ եթե այսպես շարունակվի, ոչ մի բան էլ չի փոխվելու, քանի որ երբ հնանա սահմանի բացման թեման, մի ուրիշ գաղափար կհորինեն եւ կքննարկեն, օրինակ՝ թե ինչ է կատարվում Եգիպտոսի կամ Իսրայելի ներսում: «Եթե դուք խորը հավատում եք, որ դրսում ինչ-որ տեղ Ձեր հարցը կորոշվի, բնական է, որ միշտ էլ կգտնվեն դա սպասարկող թեմաներ»,- ընդգծեց նա:




























