Արձակագիր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Օհանյանին, այսօր` դեկտեմբերի 8-ի առավոտյան, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները բերման են ենթարկվել իր տնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:

Նրա խոսքով, Արմեն Օհանյանին նախկինում կանչել են հարցաքննության, սակայն նա չի եկել: «Ոստիկանության աշխատակիցները Արմեն Օհանյանին բերման են ենթարկել ծանուցագրով: Գործը գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում»,-ասաց Ահարոնյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը հաստատեց տեղեկությունը, որ Արմեն Օհանյանը գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում, որտեղ հարցաքննվում է միջնակարգ կրթության կեղծ դիպլոմների գործով:

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, այսօր առավոտյան Արմեն Օհանյանի տուն են ներխուժել ոստիկանության 6-րդ վարչության 7 աշխատակիցներ եւ չներկայացնելով որեւէ ծանուցագիր, պահանջել են, որ նա գա իրենց հետ: Երբ Արմեն Օհանյանը հայտարարել է, որ առանց ծանուցագրի ինքը ոչ մի տեղ չի գնա, իրավապահները հայտարարել են, որ ծանուցագիրը հիմա կբերեն եւ նրան դուրս են բերել տնից: