Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համոզված է, որ անգամ հյուսիսկորեական զորքերի ներգրավումը չի օգնի Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին Օսթինը հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
Նա նշել է, որ հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է հնարավոր արձագանքն «այս վտանգավոր եւ ապակայունացնող թեժացմանը»։
«Այժմ տվյալներ կան այն մասին, որ Հյուսիսային Կորեան մոտ 10 հազար զինվոր է ուղարկել Ռուսաստանի հարավում ուսանելու համար, եւ այդ զորքերի մի մասն արդեն տեղավորվել է Ուկրաինայի մոտ»,- ասել է Օսթինը։
Նրանք, ըստ Օսթինի, հագել են ռուսական համազգեստ եւ ունեն ռուսական սարքավորումներ։
«Ինձ ավելի շատ անհանգստացնում է, որ Կրեմլը նախատեսում է նրանց օգտագործել Կուրսկի մարզում»,- ավելացրել է Պենտագոնի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ իզգոյ-պետություն համարվող Հյուսիսային Կորեայի օգնությանը դիմելն ընդգծում է, թե որքան մեծ են Պուտինի խնդիրները։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը գիտակցում է հետեւանքներն ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար։
«Պուտինը չի հաղթի Ուկրաինայում անգամ Հյուսիսային Կորեայի օգնությամբ, բայց այդ իրադարձությունները, որոնք խորապես անհանգստացնում են, ընդգծում են Կորեայի Հանրապետության եւ մյուս դաշնակիցների հետ մեր միության կարեւորությունը, որոնք հավատարիմ են անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ընդգծել է նա։




























