Ռուսական Forbes-ի վարկանիշում 108-րդ տեղը զբաղեցնող միլիարդատեր Ռոման Ավդեևը՝ 1,2 միլիարդ դոլար կարողությամբ, հայտարարել է Ռուսաստանում իր վերջին ակտիվի վաճառքի մասին։
«Կցանկանայի կիսվել իմ կյանքի կարևոր իրադարձությունով. այսօր ավարտվեց «Ռոսսիում» կոնցեռնի իմ բաժնեմասը Սերգեյ Սուդարիկովի կառույցներին վաճառելու գործարքը։ Գործարքի արդյունքում ես Ռուսաստանում չունեմ ակտիվներ կամ բիզնես նախագծեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարարը։
Ավդեևը նշել է, որ բաժնետոմսերի 62%-ի վաճառքը «տրամաբանական քայլ» էր, որն ավարտեց իր երկարաժամկետ համագործակցությունը Սուդարիկովի հետ, որը սկսվեց 2019 թվականին՝ ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրմամբ։ Գործարարը նաև վստահություն է հայտնել, որ Սուդարիկովի ղեկավարությամբ կոնցեռնը նոր բարձունքների կհասնի։
«Իսկ ինձ համար այս որոշումը թույլ կտա կենտրոնանալ իմ սիրելիների, առաջին հերթին երեխաներիս և իմ կյանքի այլ կարևոր կողմերի վրա, որոնք կապված չեն բիզնեսի հետ», - ընդգծել է Ավդեևը: Նա, սակայն, չի նշել, թե ինչու է վաճառել ընկերությունում իր բաժնեմասը, ինչպես նաև գործարքի չափը։
«Ռոսսիում» կոնցեռնը հիմնադրվել է Ավդեևի կողմից 2006 թվականին: Այն ներդրումային հոլդինգ է ֆինանսական հատվածում խոշոր ներդրումներով։ Նրա հիմնական ակտիվը Մոսկվայի վարկային բանկն է: 2019 թվականի վերջում Ավդեևը համաձայնել է միավորել ակտիվները «Ռեգիոն» ներդրումային խմբի հիմնական բաժնետեր Սուդարիկովի հետ (համաձայն Forbes-ի, 1,8 միլիարդ դոլար արժողությամբ): «Ռոսսիում»-ում վերջինիս դեռևս պատկանում էր 31 տոկոս բաժնեմասը։
Ավդեևը 57 տարեկան է, ամուսնացած է, ունի 23 երեխա, որոնցից 17-ը որդեգրված են։ Ուկրաինական պատերազմի ժամանակ գործարարի կարողությունը 2021 թվականի 1,8 միլիարդ դոլարից 2024 թվականին նվազել է մինչև 1,2 միլիարդ դոլար:
Մինչ այս առնվազն յոթ միլիարդատեր հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նրանց թվում են՝ Coalco և Bolshoye Domodedovo-ի նախկին սեփականատեր Վասիլի Անիսիմովը (1,6 մլրդ դոլար), Freedom հոլդինգի հիմնադիր և գլխավոր սեփականատեր Թիմուր Տուրլովը (2,4 մլրդ դոլար), «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը (1,3 մլրդ դոլար), DST Global ներդրումային ընկերության հիմանդիր Յուրի Միլները (7,3 միլիարդ դոլար), «Ռեվոլտ»-ի հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին (7,1 միլիարդ դոլար), «Արետի» էներգետիկ ընկերության հիմնադիր Իգոր Մակարովը (2,2 միլիարդ դոլար) և Tinkoff Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը (0,86 միլիարդ դոլար, գնահատումը կատարվել է Tinkoff Bank-ի վաճառքից հետո):
Forbes-ի ցուցակից ևս մեկ միլիարդատեր վաճառել է Ռուսաստանում իր ողջ ունեցվածքը

Հասանելի է
русскийՏեղադրություն



























