Ռուս զինվորականները, որոնք տեղակայված են Կուրսկի շրջանն Ուկրաինայի զինված ուժերի ներխուժող զինվորներից պաշտպանելու համար, շարունակում են զբաղվել թալանով, գործակալությանը հայտնել են տեղի բնակիչները։
Ըստ նրանց՝ ՌԴ ԶՈւ զինծառայողները կողոպուտներ են անում, մեքենաներ են գողանում, ինչպես նաև սպանում են տնային շներին, որոնք հսկում են տներն ու ունեցվածքը։ Սեպտեմբերի կեսերին տեղի բնակիչները կոլեկտիվ նամակ գրեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով դադարեցնել զինվորականների գործողությունները, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ։
Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ զինվորականները գրավել են նրա տունը՝ պատճառաբանելով, որ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է ընթանում, և «զինվորականներն իրավունք ունեն»։ Կորենևո գյուղի մեկ այլ բնակչի տունը, ով պարբերաբար գնում է գույքի անվտանգությունը ստուգելու, երկու օր առաջ անձեռնմխելի է եղել, սակայն երեկ նա եկել է, և «ամեն ինչ գլխիվայր է»։ Կոտրվել է տեղի մեկ այլ բնակչի պատուհանը, գողացել են հեռուստացույցներ, նոթբուքեր, ֆրեզերային և ձեռքի գայլիկոններ, սրճաղացներ։
«Ես միակը չեմ, փողոցում բոլորս էլ ունենք այս խնդիրը։ Ոմանց հեռուստացույցներն են տարել, ամեն մեկի մոտ՝ մի բան»,- բացատրեց նա։
Ըստ տուժողների՝ իշխանությունները չեն արձագանքում բողոքներին, իսկ ռազմական ոստիկանությունը հրաժարվում է գործեր հարուցել։ Շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը գրել է, որ «ռազմական ոստիկանության աշխատակիցները ստուգում են թալանչիների մասին տեղեկությունները, բայց ամենից հաճախ դա պարզվում է, որ թշնամու հետախուզական ծառայությունների կողմից տեղեկատվական աղբ է»։
Հանգստյան օրերին տեղի բնակիչները սկսեցին հրապարակել թալանված շենքերի տեսանյութերը: Բենզալցակայանի և ավտոպահեստամասերի խանութի տերերը խոսել են ջարդերի և թալանի մասին։ Մեկ այլ տեսանյութում երևում է կողոպտիչների կողմից վնասված բնակարան՝ հատակին ընկած իրերով և բաց պահարաններով: Մեկ այլ տեսանյութի հեղինակը ցույց է տվել թալանված բազմաբնակարան շենքը։




























