ԵԱՀԿ-ում եւ ԵԱՀԿ ԽՎ-ում, այդ կառույցների ղեկավարների թողտվությամբ, դրական սպասողական մթնոլորտ է տիրում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման առնչությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքերով, նման մթնոլորտի ձեւավորման պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացումն է: «ԵԱՀԿ-ում եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ղարաբաղյան հարցի կապակցությամբ ձեւավորված բարիդիացիական մթնոլորտն ամբողջությամբ բխում է հայկական կողմի շահերից, եւ ավելորդ քարոզչական ակտիվությունը այդ մթնոլորտում պետք չէ, քանի որ կողմերին ոչինչ չի տա»,- նկատել է Սաֆարյանը՝ կարծիք հայտնելով, թե ակնհայտ է, որ ադրբեջանական պատվիրակությունը, գիտակցելով այդ փաստը, վերջին շրջանում մեղմացրել է հակահայ քարոզչությունը:

Մեկնաբանելով իր թուրք գործընկերոջ՝ Ալաադին Բյուքքայի վերջերս արած հայտարարությունը՝ Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ դառնալու ցանկության մասին, իսկ Հայաստանը վերջին շրջանում մեղմացրել է իր դիրքորոշումն այդ հարցում, Ա.Սաֆարյանը նշեց. «Թուրքիան չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, քանի որ առաքելությանը կարող են հավակնել այն երկրները, որ ղարաբաղյան հարցում չեզոքություն են պահպանում: Թուրքիան հաստատապես այդ շարքում չէ, եւ նուրբ զգացմունքներ է տածում Ադրբեջանի նկատմամբ՝ չթաքցնելով դա: Հենց կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի նկատմամբ տածած եղբայրական զգացմունքների պատճառով էլ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը: Հենց Թուրքիան ապացուցի, որ չեզոք է ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ, նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին անդամակցելու հարցը կարելի է քննարկել դիվանագիտական մակարդակով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան կախված է Ադրբեջանի հասարակական տրամադրություններից, եւ այդ իրավիճակն անփոփոխ կմնա ապագայում»:

Խոսելով իր թուրք գործընկերոջ մեկ այլ հայտարարության մասին, ըստ որի՝ Հայաստանը ոչ պաշտոնական մակարդակով համաձայնել է հանձնել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները, Սաֆարյանը նշել է, թե այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել: «Այժմ միայն մեկ հարց է քննարկվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Եւ հայկական կողմի համար չկա այլ ընդունելի կարգավիճակ, քան ԼՂՀ անկախությունը: Դա էլ հենց այն փոխզիջումն է, որին կարող է գնալ հայկական կողմը»,- նշել է պատգամավորը եւ հավելել, թե Թուրքիայի ներկայացուցիչների նման հայտարարությունները նպատակ են հետապնդում հայ հանրության մեջ բացասական տրամադրություններ ստեղծել:

Նա նաեւ նշեց, որ հունվարին տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանելու Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի հարցերով ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: