Վրաստանի Ջավախք եւ Քվեմո (ներքին) Քարթլի տարածաշրջաններում իշխող «Ազգային շարժում» կուսակցության բարձր վարկանիշը պայմանավորված է նրանով, որ հայ եւ ադրբեջանցի բնակչությունը, իշխանությունների օգտին քվեարկելով կարծում է, թե այդկերպ չի խառնվում երկրի ներքին քաղաքական գործերին:
Նման տեսակետ է հայտնել վրացի քաղաքագետ Ռամազ Սաղվարելիձեն, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Քաղաքագետի խոսքով, որպես ավանդույթ, այն մարդիկ, որոնք այս կամ այն երկրում իրենց զգում են փախստականի կարգավիճակում (կոնկրետ Վրաստանում բնակվողները Վրաստանն իրենցը չեն համարում), իրենց ձայները տալիս են կառավարությանը, կարծելով թե նման քայլով երկրի ներքին քաղաքական գործերին չեն խառնվում:
«Այն պատկերը, որը այսօր առկա է Ջավախքում եւ Քվեմո Քարթլիում, հայ եւ ադրբեջանցի բնակչության ձայների հաշվին է, ինչը բավականին հասկանալի եւ ընդունելի է»,-նշել է քաղաքագետը, ընդգծելով որ նման միտում նկատվում է ոչ միայն Վրաստանում այլեւ` այլ պետություններում:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում հայտնի են դարձել Սոցիոլոգիական հետազոտության եւ վերլուծական կենտրոնի» կողմից անցկացրած հարցման արդյունքները: Ըստ այդմ, եթե առաջիկա օրերին Վրաստանում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա Թբիլիսիում հարցվողների 39,6 տոկոսը կքվեարկի Բիձինա Իվանիշվիլիի, իսկ 23,9-ը` իշխող «Ազգային շարժման» օգտին, երկուական տոկոս կստանան Լեյբորիստները, Հանրապետականները եւ «Ազատ ժողովրդավարները», իսկ «Քրիստոնեա-դեմոկրատները» կստանան 2,4 տոկոս ձայն:
Ջավախքում պատկերն այսպիսին է. ջավախքցիների 15,2 տոկոսն իր ձայնը կտա Բիձինա Իվանիշվիլիին, 71,7 տոկոսը կքվեարկի «Ազգային շարժման» օգտին, 6,1 տոկոս ձայն կստանան «Ազատ ժողովրդավարներ»-ը եւ 3 տոկոսը բաժին կհասնի «Քրիստոնեա-դեմոկրատներին»:




























