Թուրքիան ակնկալում է, որ իրեն գործընկեր երկրի կարգավիճակ կառաջարկեն ձևավորվող ԲՐԻԿՍ դաշինքում, չորեքշաբթի հայտարարել է առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

«Կազանի վերջին գագաթնաժողովում քննարկվել է Թուրքիայի դիմումը»,-ըստ Anadolu-ի՝ ասել է Բոլաթը խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։ «Պարզ է, որ նրանք մեզ կպատասխանեն գործընկեր երկրի կարգավիճակի առաջարկով»։

Այս տարվա սկզբին Թուրքիան դիմել էր խմբին միանալու որպես լիիրավ անդամ՝ նպատակ ունենալով «միաժամանակ» ամրապնդել իր կապերը Արևելքի և Արևմուտքի հետ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է անցյալ ամիս Ռուսաստանում անցկացված դաշինքի գագաթնաժողովին:

Միաժամանակ, Բոլաթը հերքել է այն պնդումները, թե Հնդկաստանը արգելափակել է Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին՝ Պակիստանի հետ Անկարայի սերտ կապերի պատճառով։

«Խոսք անգամ չի կարող լինել, որ Հնդկաստանը վետո դնի մեր անդամակցությանը»,-ասել է Բոլաթը:

ԲՐԻԿՍ դաշինքը 2006 թվականին հիմնադրել են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը, իսկ Հարավային Աֆրիկան ​​միացել է 2010 թվականին։ Ներկայում այն ​​ներառում է նաև Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։