Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը մի քանի օրվա ընթացքում երկրորդ հանդիպումն է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ եւ առաջարկել է ուղիղ երկխոսություն Նիկոսիայի եւ Անկարայի միջեւ՝ մինչեւ 2024թ. վերջ կիպրոսյան կարգավորման բազմակողմ կոնֆերանս կազմակերպելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Phileleftheros թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Խրիստոդուլիդիսի եւ Ֆիդանի հանդիպումը կայացել է ՄԱԿ կլիմայի փոփոխության Շրջանակային կոնվենցիայի 29-րդ կոնֆերանսի (СОР-29) շրջանակում, Բաքվում։ Ուղիղ շփումների գաղափարը երկու երկրների միջեւ, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն, կոչված է աջակցելու ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ջանքերին կիպրոսյան կարգավորման կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ։ Մինչ այդ Կիպրոսի նախագահը եւ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել էին նոյեմբերի 7-ին Բուդապեշտում, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում, մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։
Թերթը տեղեկացրել է, որ Ֆիդանի հետ Բաքվում հանդիպումից առաջ Խրիստոդուլիդիսը ոչ երկար զրույց է ունեցել Գուտերիշի հետ, որը Կիպրոսի նախագահին տեղեկացրել է կղզի իր տեղակալ Ռոզմարի Դիկառլոյի գալիք այցի մասին։ Վերջինը խորհրդակցություններ կանցկացնի հույն-կիպրոսյան կողմերի հետ բազմակողմ կոնֆերանսի կազմակերպումից առաջ, որի անցկացման մասին Գուտերիշը, Խրիստոդուլիդիսը եւ Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը պայմանավորվել են դեռ Նյու Յորքում հոկտեմբերի 15-ի համատեղ հանդիպման ժամանակ։
Բացի այդ, Phileleftheros-ի աղբյուրները Կիպրոսի կառավարությունում հերքել են տեղեկությունները, որ Մեծ Բրիտանիային իբր կոնֆերանսում հատկացվելու է ընդամենը դիտորդի դեր, ինչը պնդում է թուրք-կիպրական կողմը։ Նրանք հասկացրել են, որ նախորդ հանդիպումների ձեւաչափը, որոնց, ՄԱԿ գլխավոր քարտուղարից եւ Կիպրոսի հունական ու թուրքական համայնքներից բացի, լիարժեք մասնակցել են կղզու անվտանգության բոլոր երեք երաշխավոր տերությունները՝ Մեծ Բրիտանիան, Հունաստանը եւ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կպահպանվի նաեւ այս անգամ։




























