Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզաբանում է, թե ինչու է այսօր` նոյեմբերի 9-ին, բերման ենթարկել  «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին:

ՊԵԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում եւ հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով խոշոր չափի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ 2011թ. հունիսի 20-ին ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Նարեկ Կարապետի Հարթունյանը, հանդիսանալով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր Գարաբեդ Հարթունյանի որդին, ղեկավարել է հիշյալ ընկերության գործունեությունը եւ այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:

Այնուհետեւ, հանցավոր ճանապարհով ստացված գումարներից խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, դրա ստացման աղբյուրը թաքցնելու նպատակով Նարեգ Հարթունյանը 2010թ. մայիսի 10-ին ձեռք է բերել ԼՂՀ Շուշի քաղաքի Հովսեփյան փողոցի 14 հասցեում գտնվող տունը` հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները փոխարկելով անշարժ գույքի:

2011թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Կարապետի Հարթունյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը), ընկերության փոխտնօրեն Անի Սերժիկի Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, իսկ հաշվապահ Արթուր Արամի Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205 հոդվածի 2-րդ մասով եւ 38-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Վերոհիշյալ անձանց հանցավոր գործողություններով պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Նախաքննությունը շարունակվում է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` դեկտեմբերի 9-ին, ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին: «Ներկա պահին գտնվում եմ ՊԵԿ-ի  քննչական բաժանմունքում: Բայց ինձ բերման են ենթարկել կեղծ ցուցմունքների հիման վրա, որպեսզի ինձ ճնշեն»,- NEWS.am-ին հեռախոսով փոխանցել էր Նարեկ Հարթունյանը, հավելելով, որ այս պահին ավելին ասել չի կարող: Նա ընդամենը հասցրել էր ասել, որ իրեն բերման են ենթարկել իր հոր քառասունքի օրը: