Այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Արքայական գավաթի համար մրցապայքարից, գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիի գլխին սկսեցին ամպեր կուտակվել։ Չէ՞ որ 1/16-րդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» պարտվեց «Ալկորկոնին»։ Պատասխան խաղից հետո, որն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 1։0, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ակումբի պատասխանատու այլ անձանց հետ համատեղ, քննարկել է Մանուել Պելլեգրինիի՝ ակումբի մարզչի պաշտոնում մնալու հարցը։ Արդյունքում որոշվել է չիլիացի մասնագետին ժամանակ տալ մինչեւ նոյեմբերի 29-ը, երբ կկայան իսպանական «կլասիկոն»։ «Ռեալը» կխաղա իր մշտական մրցակից «Բարսելոնայի» հետ։ Այդ խաղի արդյունքից էլ կախված կլինի Պելլեգրինիի հետագա ճակատագիրը։
Ի դեպ, իսպանական Marca թերթը «արքայական ակումբի» երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի ամենացանկալի մարզչի անունը, եթե Պելլեգրինիին հեռացնեն այդ պաշտոնից։ Հարցմանը մասնակցած մարդկանց 26 տոկոսը իրենց ձայնը տվել են դանիացի Միքայել Լաուդրուպին։ 24 տոկոս ձայների քանակով երկրորդ տեղն է գրավել Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Արագոնեսը։ Երրորդ տեղը զբաղեցրել է ակումբի ներկայիս գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն։




























