ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի պաշտոնում կոնգրեսական Մեթ Հեթցին առաջադրելու մասին ցնցել է գերատեսչության աշխատողներին, ոմանք այդ որոշումը «խելագարություն» են համարել, տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը։
Հեթցի վերաբերյալ իր առաջարկի մասին Թրամփը հայտարարել է չորեքշաբթի։ NBC News-ի տվյալներով՝ այս ինֆորմացիայի հայտնվելուց հետո նախարարության շենքի միջանցքներում մռայլ մթնոլորտ էր տիրում։
«Աստված իմ»,- ասել է դեպարատմենտի գործող պաշտոնյաներից մեկը։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, եւս մեկ պաշտոնյա Թրամփի ընտրությունն անվանել է «հիրավի ցնցող»։ Երրորդն այդ գաղափարը համարել է «խելագարություն»։ Իսկ չորրորդը զայրացել է՝ իրավիճակը «ծիծաղելի» անվանելով եւ հայտարարելով, որ Հեթցին չպետք է հաստատել այդքան կարեւոր պաշտոնում պատմության այսքան «դարակազմիկ» պահին։
«Ի՞նչ է կատարվում, սատանան տանի» եւ «Դժվարությամբ եմ բառեր գտնում». այսպիսի արտահայտություններ են հնչել նախարարության հարցման ենթարկված աշխատակիցների կողմից։ Նրանցից մեկը հիշեցրել է, որ Հեթցը ինքն է եղել քրեական հետապնդման օբյեկտ՝ միաժամանակ ծաղրելով, որ կոնգրեսականն այդ պատճառով գլխավոր դատախազի պաշտոնի համար «ինքնատիպ հատկություններ ունի»։
«Նա ամենաքիչ որակավորում ունեցող մարդն է, որը երբեւէ առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում»,- հեռուստաալիքը մեջբերել է գերատեսչության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։
NBC News-ի տվյալներով՝ Հեթցը, որի նկատմամբ նախկինում դաշնային հետաքննություն է վարվել, որն ավարտվել է առանց մեղադրանքների առաջադրման, մշտապես քննադատել է ինչպես արդարադատության նախարարությանը, այնպես էլ ՀԴԲ-ին, այդ թվում կոչ անելով բյուրոյին զրկել ֆինանսավորումից եւ լուծարել այն։
Տեղեկացվել է, որ գործը, որով անցել է Հեթցը, վերաբերել է հանցավոր սխեմայի հետաքննությանը, որի արդյունքում սեքսուալ ստրկության մեջ է հայտնվել 17-ամյա աղջիկ։ 2023թ. արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել հետաքննությունը կոնգրեսականի նկատմամբ դադարեցնելու մասին։




























