ԱՄՆ ռազմածովային ուժերը սառը պատերազմից հետո առաջին անգամ Boeing P-8A Poseidon ծովային հետախուզման ինքնաթիռը տեղակայում են հյուսիս-արևելյան Շոտլանդիայում գտնվող Բրիտանական Օդային ուժերի Լոսիմութ ավիաբազայում՝ Լոնդոնում և Վաշինգտոնում աճող մտահոգությունների ֆոնին՝ «հյուսիս-ատլանտյան և Արկտիկայում ռուսական ակտիվության» հետ կապված: Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, «ավարտվել է 6-ամյա նախագիծը, որի արժեքը կազմում է 443 միլիոն դոլար՝ արդիականացնելու և թարմացնելու Լոսիմութ ավիաբազան»: «Մենք մշտապես գործում ենք ՆԱՏՕ-ի մեր ամենամոտ դաշնակիցներից մեկի՝ ԱՄՆ-ի ուժերի հետ կողք կողքի», - նշել է թագավորության պաշտպանության նախարարությունը։ «Բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի բազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային պարեկային ինքնաթիռների առկայությունը թույլ է տալիս մեր ուժերին անխափան ապահովել ծովում անվտանգությունը՝ օգնելով ուժեղացնել Թագավորության և ՆԱՏՕ-ի պաշտպանությունը», - ավելացրել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Շոտլանդիայի ավիաբազայում պարբերաբար կհյուրընկալվեն նաև Գերմանիայի ռազմաօդային ուժերի Boeing P-8A Poseidon ինքնաթիռները՝ համաձայն հոկտեմբերին ստորագրված երկկողմ Deep Defense Partnership համաձայնագրի։

Համաձայն վերլուծական կենտրոնի ղեկավարներից մեկի՝ Շոտլանդիայի գլոբալ հարցերի խորհրդի, Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ջեքսոնի, Միացյալ Նահանգների վերադարձը կապված է Ուկրաինայի հակամարտության ֆոնին «Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության վերաբերյալ ներկայիս մտահոգությունների հետ»։