Կարևոր է դատաիրավական համակարգի, հանրության համար էլ հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունեն արդարություն և արդարադատություն ասելով, որպեսզի տարընթերցումներն էլ այդտեղ շատ չլինեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Քննչական կոմիտեում ՔԿ նոր ղեկավար Արթուր Պողոսյանին ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդարության և արդարադատության ստանդարտի հաստատումը շատ կարևոր գործառույթ է, և այս գործառույթի մեջ Քննչական կոմիտեի դերը դժվար է թերագնահատել: Հասկանալիորեն, հեշտ չէր այդ քաղաքական որոշումը կայացնելը, որ քննչական գործառույթի 99 տոկոսը կենտրոնացնում ենք մի մարմնի մեջ, որովհետև հասկանալի էր, թե ինչ մտահոգություններ, մտավախություններ կային, բայց ես համոզված եմ, որ ճիշտ որոշում է կայացվել: Եվ նաև հենց արդարության, արդարադատության ստանդարտ հաստատելու տեսակետից շատ կարևոր որոշում է կայացվել»,- ասաց վարչապետը:




























