Գերմանիայի կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն (ԳՍԴԿ) սկսել է ընտրարշավը Բունդեսթագի՝ երկրի խորհրդարանի ընտրություններում, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին, փետրվարի 23-ին նշանակված քվեարկությունից 85 օր առաջ, Բեռլինում սոցիալ-դեմոկրատների կենտրոնակայանում սկսվել է կուսակցական կոնֆերանսը՝ նվիրված նախընտրական պայքարի սկզբին։

Գերմանիայի կառավարության գործող ղեկավար եւ ԳՍԴԿ-ից կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցի կարծիքով՝ Բունդեսթագի արտահերթ ընտրություններում կկայացվի որոշում այն ուղղության մասին, որով շարժվելու է Գերմանիան։

«Մենք կանգնած ենք մեր երկրի համար հիմնարար որոշման առջեւ,- ասել է նա իր առաջին նախընտրական ելույթում։- Եթե այժմ, այս իրավիճակում, մենք Գերմանիայում ոչ ճիշտ շրջադարձ կատարենք, դա լուրջ հետեւանքներ կունենա»։

Շոլցի խոսքով՝ դրված են անվտանգության, համախմբվածության, բարգավաճման եւ աշխատատեղերի հարցերը։ Նա հայտնել է, որ ԳՍԴԿ-ն պայքարում է արժանապատիվ թոշակների, բնակարանի, առողջապահության եւ հիվանդների խնամքի հասանելի վճարների համար։

Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը Օլաֆ Շոլցը անվանել է կենտրոնամետ քաղաքական ուժ Գերմանիայում։ Նրա համոզմամբ՝ լայն դեմոկրատական մեծամասնությանն անհրժաշետ են անվտանգություն, կայունություն, համախմբվածություն, հուսալիություն, չափի զգացողություն եւ խոհեմություն, եւ հենց դրա համար է, ընդգծել է Շոլցը, հանդես գալիս ԳՍԴԿ-ն։

Օլաֆ Շոլցի թեկնածությունը կանցլերի պաշտոնում պետք է հաստատվի հունվարի 11-ին կուսակցական կոնֆերանսում, սակայն դա ձեւականություն է համարվում։

Սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ ԳՍԴԿ-ն ներկայում զգալիորեն հետ է մնում ՔԴՄ/ՔՍՄԲ (Քիստոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեա-սոցիալական միություն Բավարիայում) պահպանողական կուսակցությունների դաշինքից։

ԳՍԴԿ, Ազատ դեմոկրատական կուսակցության եւ «90-ի միություն/ կանաչներ»-ի կոալիցիան, որը Գերմանիայում կառավարում է 2021-ից, լուծարվել է 2024թ. նոյեմբերի 6-ին։

Բունդեսթագի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է ձեւավորվի երկրի նոր կառավարությունը, նշանակված են 2025թ. փետրվաի 23-ին այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին Գերմանիայում լուծարվեց կառավարող կոալիցիան ԳՍԴԿ, Ազատ դեմոկրատական կուսակցության եւ «90-ի միություն/ կանաչներ» կազմով։