ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին, ով սպասում էր դատարանի որոշմանը երկու քրեական գործերով՝ զենքի խախտման և հարկերից խուսափելու վերաբերյալ։

«Ես ստորագրել եմ իմ որդուն՝ Հանթերին ներում շնորհելու մասին հրամանագիրը: Պաշտոնը ստանձնելու օրվանից ես ասել եմ, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, և իմ խոսքի տերն եմ, նույնիսկ երբ հետևում էի, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդար կերպով հետապնդում»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ։

Նախագահի խոսքով՝ իր որդու նկատմամբ հետապնդումները պայմանավորված են եղել նրանց ընտանեկան կապերով և պետության ղեկավարի քաղաքական հակառակորդների ճնշումներով։ Նա նշել է, որ դատավարությունը «վարակված էր կոպիտ քաղաքականությամբ», և, հետևաբար, տեղի է ունեցել արդարադատության սխալ: «Հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան, թե ինչու հայրն ու նախագահը եկան այս որոշմանը», - եզրափակել է Բայդենը։

Ներման տեքստում նշվում է, որ Բայդեն կրտսերն այն ստացել է բոլոր հանցագործությունների համար, «որ նա կատարել է կամ կարող էր կատարել կամ դրանց կատարմանը մասնակցել է 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում»։

Մինչ այս Բայդենը հրապարակավ հավաստիացրել էր, որ ներում չի շնորհելու իր որդուն։ Միաժամանակ, ըստ NBC News-ի աղբյուրների, նախագահը այդ հարցը քննարկել է իր մերձավոր օգնականներից մի քանիսի հետ։ Ամռանը, երբ Բայդենը դեռ նախընտրական արշավի մեջ էր, նրան խորհուրդ տվեցին վճռականորեն հայտարարել, որ չի օգտագործի իր որդուն ներում շնորհելու հնարավորությունը:

Սպասվում էր, որ Բայդեն կրտսերը կդատապարտվի դեկտեմբերի 12-ին զենքի խախտման համար, իսկ դեկտեմբերի 16-ին՝ հարկերից խուսափելու համար։ Առաջին դեպքը վերաբերում էր Colt Cobra 38 Special ատրճանակի ապօրինի պահմանը։ Բայդեն կրտսերը այն գնել է 2018 թվականի հոկտեմբերին՝ կեղծ տեղեկություններ տրամադրելով վաճառողին և գրանցման մարմիններին:

Ըստ քննիչների՝ նա նշել է, որ թմրանյութ չի օգտագործել, բայց իրականում 2015-ից 2019 թվականներին տառապել է թմրամոլությամբ։ Միևնույն ժամանակ, ամերիկյան օրենսդրությունն արգելում է կախվածությունից տառապողներին զենք ունենալ։ Ելնելով մեղադրանքների ամբողջությունից՝ Բայդեն կրտսերին սպառնում էր առավելագույնը մինչև 25 տարվա ազատազրկում, սակայն ծանրացնող հանգամանքների բացակայության պատճառով ենթադրվում էր, որ պատիժը կլինի մեղմ։

Երկրորդ դեպքը կապված է 2016-2019 թվականներին հարկերից խուսափելու հետ: Բայդեն կրտսերը հարկային մարմիններին ընդհանուր առմամբ 1,4 միլիոն դոլար է պարտք, բայց հաշիվները վճարելու փոխարեն նա «միլիոնավոր դոլարներ է ծախսել շռայլ ապրելակերպի վրա», - նշել է հատուկ փաստաբան Դեյվիդ Վայսը։ Հանթեր Բայդենը մարել է պարտքը և իրեն մեղավոր ճանաչել բոլոր ինը մեղադրանքներում, որոնց համար նրան սպառնում էր մինչև 17 տարվա ազատազրկում։