Լիբանանի հարավում Իսրայելի եւ շիական «Հեզբոլլահ» խմբավորման միջեւ հակամարտության մեկ տարվա ընթացքում վնասվել կամ քանդվել է ավելի քան 15,6 հազար տուն։ Այս մասին տեղեկացրել է Լիբանանում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

ՄԱԿ բնակավայրերի ծրագրի (UN-Habitat) հետազոտողների գնահատականներով, որոնք ուսումնասիրել են Էն-Նաբաթիա եւ Հարավային Լիբանան նահանգների յոթ շրջանների արբանյակային լուսանկարները, մարտական գործողությունների հետեւանքով  գոյացել են շենքերի ավելի քան 8 մլն տոննա բեկորներ։

«15 633 շենքեր մասնակի կամ լիովին քանդվել են (մինչպատերազմյան թվի 6,6 տոկոսը)։ Ամենից շատ տուժել են Մարջայունը, Բինտ-Ջուբայլը եւ Սուրը»,- նշված է փաստաթղթում։

2023թ. հոկտեմբերին սկսված մարտական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարված հրադադարի համաձայնագիրը Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ի առավոտյան։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրեական պետության եւ «Հեզբոլլահի» միջեւ պամանավորվածությունները նախատեսում են լիբանանյան բանակի եւ վերահսկողության անվտանգության ուժերի վերականգնում հանրապետության տարածքում 60 օրվա ընթացքում։ Դրանից հետո իսրայելական բանակը աստիճանաբար դուրս կգա Լիբանանից։