Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո պատերազմի ընթացքում զոհվել է 80 հազարից քիչ ուկրաինացի զինվորական։
«Վերջերս ամերիկյան մամուլում ինչ-որ մեկը գրել էր, որ 80 հազար ուկրաինացի է զոհվել։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ ոչ, պակաս: Շատ ավելի պակաս»,- մեջբերել է Ուկրինֆորմ գործակալությունը ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը Զելենսկու տված հարցազրույցը, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից։
Զելենսկին հրաժարվել է հստակեցնել, թե կոնկրետ քանի զինվոր է կորցրել ուկրաինական բանակը։ Վերջին երկու ամսվա ընթացքում արևմտյան տարբեր հրապարակումներ Ուկրաինայի կորուստները գնահատել են 57-100 հազար մարդ, բայց դրանք ընդամենը գնահատականներ են, ընդ որում՝ շատ մոտավոր։
Այս պատերազմի երկու կողմերն էլ չեն հրապարակում իրենց զոհերի թիվը: Մեծ պատերազմի հենց սկզբում Ուկրաինան հայտարարեց, որ զոհերի թիվը կհրապարակի միայն դրա ավարտից հետո։ Միևնույն ժամանակ, այս տարվա փետրվարին Զելենսկին ասել էր, որ Ուկրաինայի պաշտպանության բանակի կորուստներն այն ժամանակ կազմել էին 31 հազար մարդ։
Kyodo News-ին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ չգիտի, թե քանի ուկրաինացի է մահացել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։
«Օկուպացիայի ժամանակ եղել են քաղաքացիական անձինք, զինվորականներ, իրավապահներ և այլն։ Իսկ նրանցից քանիսը մահացան, քանիսը ոչնչացվեցին, քանիսը գերության մեջ խոշտանգվեցին և այլն... չգիտեմ։ Ուստի ես խոսում եմ միայն այն զինվորականներին ֆիքսելու մասին, որոնք գտնվում են մեր տարածքում, որոնք վերահսկվում են մեր կողմից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ինչ վերաբերում է ռուսական կորուստներին, ապա BBC-ի ռուսական ծառայությունն իր նախագծի շրջանակներում նոյեմբերի վերջին հաշվել է գրեթե 81 հազար հաստատված մահ։ Սա, ամենայն հավանականությամբ, ռուս զինվորականների մահվան դեպքերի միայն մի մասն է, քանի որ դրանցից շատերի մասին տեղեկությունները հանրային տիրույթում չեն հայտնվում:





























